Անցած տարվանից Ախալքալաքի քաղաքապետարանին կից գործող «Քաղաքացիական խորհրդականների խորհրդի» կողմից նախագծված ծրագրերից, որոնք թվով 12-ն են, առաջնահերթություն է տրվել և իրագործվել է աղբահանության խնդիրը: Արդյունքում Ախալքալաքի սպասարկման կենտրոնը նոր աղբատար մեքենա է ստացել:
«Քաղաքացիական խորհրդականների խորհրդի» ստեղծման նպատակն է բարձրացնել բնակչության ներգրավվածությունը ինքնակառավարման հարցերում: Խորհրդի նախագահ Մախարե Մացուկատովն ասում է՝ բավականին մեծ աշխատանք է տարվել բնակչությանը հուզող խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ: Բնակչության բարձրաձայնած խնդիրների թվում է եղել նաև աղբահանության հարցը: Մեր շրջանի բազմաթիվ գյուղերում դեռևս աղբահանությունը լուրջ խնդիր է հանդիսանում: Աղբարկղերի բացակայության պատճառով, մարդիկ աղբը թափում են, առաջնորդվելով՝ ուր պատահի, որտեղ պատահի սկզբունքով:
Քաղաքապետի քաղաքացիական խորհրդականների աշխատանքային տարին
Ճապոնական աղբահան մեքենան արդեն Ախալքալաքում է
Խորհուրդը բնակչության ուղղորդմամբ աշխատել և առանձնացրել է 12 առավել կարևոր խնդիր, որոնց լուծումը մարդկանց հնարավորություն կտա փոքրիշատե բարելավել իրենց կյանքի որակը:
Դրանք են՝
1. Աղբատար մեքենայի ձեռքբերում:
2. Դիլիֆ գյուղի պոմպային և խողովակաշարային համակարգի վերականգնում՝ Դադեշ, Սուլդա, Բոզալի, Մյասնիկյան գյուղերի ջրամատակարարման համար։
3. Կարծախ գյուղում խմելու ջրի խողովակների անցկացում:
4. Գազամատակարարում՝ Աբուլ գյուղում:
5. Գազամատակարարում՝ Դադեշ գյուղում:
6. Մուրջախեթ գյուղում ճանապարհային կամրջի կառուցում
7. Չունչխա գյուղում ջրամղիչ պոմպակայանի կառուցում:
8. Քաղաք Ախալքալաքի շրջանցիկ ճանապարհի կառուցում:
9. Ախալքալաքում, Մարգարյան 47 հասցեում գտնվող այգու կառուցում՝ մանկական զվարճանքների ատրակցիոններով և մարզասարքերով
10. Ճանապարհների վերականգնում. գլխավոր ճանապարհից դեպի Ազավրեթ գյուղ՝ 3600 մ, Չամդուրայի գլխավոր ճանապարհից մինչև Մուրջախեթ՝ 3600 մ,
Սամսար գյուղ տանող ճանապարհ, Աբուլ գյուղ տանող ճանապարհ, Չունչխա-Պտենա տանող ճանապարհ:
11. Միկոյան փողոցի վերջնամասում կոյուղու վերականգնում:
12. Խոսպիոյի և նախկին զինվորական ավանի կամրջի վերանորոգում:
Շրջանում աղբահանությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով Ախալքալաքում «Քաղաքացիական խորհրդականների խորհուրդը» նախագիծ է ներկայացրել Ճապոնիայի դեսպանատուն:
«Մենք օգնեցինք քաղաքապետարանին նախագիծ կազմել և դիմել Ճապոնիայի դեսպանատուն ֆինանսավորման համար: Արդյունքում, առաջին անգամ Ախալքալաքում քաղաքապետարանի միջոցով, քաղաքացիական հասարկության առաջարկությամբ ծրագիր գրվեց, որը հետագայում նաև ֆինանսավորվեց», – ասում է Խորհրդի նախագահ Մախարե Մացուկատովը:
Արդեն Ախալքալաք է հասել աղբատար մեքենան, որն արժեցել է 308 000 լարի: Աղբատար մեքենան ձեռք է բերվել Վրաստանում Ճապոնիայի դեսպանության և Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆինանասավորմամբ, իսկ նախագիծը կազմվել է Կովկաս ինստիտուտի, Ժողովրդավար մեսխերի միության, Բաց հասարակություն՝ Վրաստան հիմնադրամի Ախալքալաքի Սակրեբուլոյի համագործակցության արդյունքում:
Մացուկատովը հույս է հայտնում, որ այս ծրագրի շրջանակներում կշարունակվի տարբեր խնդիրների լուծում տալ. «Սա լավ օրինակ է, թե ինչպես կարելի է նմանատիպ ծրագրերի միջոցով աշխատել շրջաններում և հասնել արդյունքի: Քանի որ շրջանների բյուջեները սահմանափակ են, բայց այսպիսի ծրագրերի շրջանակներում, տարբեր հիմնադրամներից գումար ստանալով հնարավոր է կատարել մեծ աշխատանք»:
Լիդա Ալմասյան