Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը չորս գյուղի մանկապարտեզներում թափուր աշխատատեղերի համար ստացել է 75 հայտ, իսկ հաջորդ շաբաթ կանցկացվի մրցույթը:
Քաղաքապետարանի չորս մանկապարտեզներում թափուր հաստիքները համալրելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետն ավարտվել է փետրվարի 8-ին: Կաջո, Խուլգումո և Սուլդա գյուղերի մանկապարտեզների թափուր աշխատատեղերի մրցույթը հայտարարվել էր հունվարի 21-ին, իսկ Չունչխայի մանկապարտեզում, քաղաքապետարանը հայտարարել էր անցած տարվա սեպտեմբերի վերջին:
Ըստ Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի, բոլոր հաստիքների համար ստացել են բազմաթիվ հայտեր:
Կաջո գյուղի մանկապարտեզում աշխատելու համար ստացվել է 15 հայտ՝ 12 թափուր աշխատատեղի համար: Սուլդա գյուղում կա 10 թափուր աշխատատեղ, որոնց համար կպայքարեն 25 հավակնորդներ: Խուլգումոյում 12 թափուր տեղի համար ներկայացվել է 21 հայտադիմում, իսկ Չունչխա գյուղում՝ 14 թափուր աշխատատեղի համար 14 հայտադիմում:
Բոլոր մանկապարտեզներում պահանջվում է՝ մենեջեր, բուժքույր, վրացերենի ուսուցիչ, խոհարար, պահակ, հավաքարար: Խուլգումո գյուղում դաստիարակի 4 թափուր աշխատատեղ կա, իսկ դաստիարակի օգնականի (դայակ)՝ 2: Սուլդա գյուղի մանկապարտեզում կա դաստիարակի և օգնականի 2 աշխատատեղ, իսկ Կաջո գյուղում՝ 4 դաստիարակի և 3 դաստիարակի օգնականի աշխատատեղ:
Դադեշ գյուղի երեխաները նույնպես պետք է հաճախեն Սուլդայի մանկապարտեզ: 75 երեխա կհաճախի Կաջոյի մանկապարտեզ, այդ թվում՝ Բեժանո գյուղից: Պտենա գյուղի երեխաները կհաճախեն Չունչխա գյուղի մանկապարտեզ:
«Մրցույթը կանցկացվի հաջորդ շաբաթ, մենք նախկինում մտածում էինք ընտրել ռեզյումեով, առանց հարցազրույցի, սակայն հայտերը շատ են, հարցազրույց կանցկացնենք, բայց կկանչենք առանձին-առանձին, բոլորին միասին չենք հրավիրի», – ասաց Անահիտ Ասատուրյանը:
Գործող մանկապարտեզները մտադիր են բացվել մարտի 1-ից, բայց թե երբ կբացվեն նորերը, Անահիտ Ասատուրյանը դժվարանում է պատասխանել:
«Չունչխա գյուղի մանկապարտեզում բնական գազն անցկացված չէ, խոստացել էին, որ դա կլիներ նոր տարուց հետո, բայց դեռ չկա: Կաջո գյուղում պարզապես պետք է միացնել, Խուլգումոյում, հուսով եմ, ամեն ինչ կարգին է, Սուլդայում վառելափայտ չեն նախատեսել, բայց ներկայացուցիչը հավաստիացրեց, որ հարցը կլուծի: Մենք աշխատողներին կընտրենք, եթե նույնիսկ նրանք դեռ չեն աշխատելու, գոնե կիմանան թե ով է ընտրվել», – ասում է Անահիտ Ասատուրյանը: