Նոյեմբերի 3-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում քաղաքացիները քվեարկել են «Քաղաքացիական բյուջե 2023»-ի շրջանակներում ներկայացված գաղափարներից առաջնահերթ նախագիծ ընտրության համար։ Իր ընտրությունը կատարել է 59 քաղաքացի։
Այն, որ Ախալքալաքի բնակիչները քաղաքացիական ակտիվ չեն, ևս մեկ անգամ հաստատվեց, երբ Ախալքալաքի քաղաքապետարանում ընտրություններ անցկացվեցին «Հասարակության հնարավորությունների ընդլայնում` հավասար և լիարժեք մասնակցության սոցիալ – տնտեսական և քաղաքական կյանքում» ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերի վերաբերյալ:
Ընտրող քաղաքացիների մեծ մասն Ախալքալաքի քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցներն էին։
Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը բացատրեց, թե ինչպես պետք է ընտրեին ներկաները: Նախապես տպագրված քվեաթերթիկի վրա, որտեղ հայերեն և վրացերեն գրված էին «ժամացույց» և «բիլբորդ», և առանձին թղթի վրա քվեարկողները գրում էին իրենց անուն-ազգանունները, որպեսզի վերջում ընտրողների թիվը և քվեաթերթիկները համապատասխանեն իրար։ Ընտրողներն իրենց քվեաթերթիկները գցում էին հատուկ քվեատուփի մեջ, որը տեղում հետո կապարակնիքվեց:
Ընտրական հանձնաժողովում նախօրոք ընտրվել էին 5 հոգի, ովքեր ցանկացել էին մասնակցել հաշվարկման գործընթացին։
Արդյունքում քվեարկել է 59 մարդ, որից 44-ը քվեարկել է «Ախալքալաքի զարգացման ինտերակտիվ գովազդային վահանակի» օգտին, իսկ 10-ը՝ «Ժամացույցի»: Հինգ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Հիշեցնենք, որ քաղաքացիների ներկայացրած 4 նախագծերից քվեարկության էին հանվել երկուսը` «Ինտերակտիվ գովազդային վահանակ Ախալքալաքի զարգացման համար» և «Ժամացույց»: Ինչպես նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ՝ նշված նախագծերը ֆինանսական, իրավական և տեխնիկական տեսակետից համապատասխանում են պահանջվող չափանիշներին։
Ինչպես հայտնեցին քաղաքապետարանից՝ ընտրությունների համար հենց այս օրն է ընտրվել, որպեսզի քաղաքապետարանը ժամանակ ունենա նախագիծը հաջորդ տարվա բյուջեում ներառելու համար, որը նոյեմբերի 15-ին փոխանցվելու է Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյին։
Այս տարվա օգոստոսից Ախալքալաքում իրականացվում է «Հասարակության հզորացում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» նախագիծը, որի շրջանակներում հասարակ քաղաքացիներին հնարավորություն է տրվել մասնակցել մունիցիպալիտետի բյուջետավորման գործընթացին:
Ըստ նախագծի՝ Ախալքալաք քաղաքում գրանցված և(կամ) փաստացի բնակվող Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող էր առաջարկել մունիցիպալիտետի ընդհանուր բարեկարգմանն ուղղված գաղափար։ Նախաձեռնությունների բյուջեն չպետք է գերազանցեր 30 000 լարին։
Jnews-ը հաջորդականորեն հետևել է ծրագրի իրականացման ընթացքին։ Նշենք, որ նախաձեռնության նպատակը ոչ այնքան ծրագրերի իրականացումն է, որքան տեղական իշխանությունների և բնակիչների միջև կապի հաստատումն ու քաղաքացիական մասնակցությունը։ Սակայն նման հաղորդակցություն նախագծի ոչ մի փուլում դեռ չի եղել։ Նախագծի մասին ի սկզբանե չէր հայտարարվել Ախալքալաքի կայքում ու ՏԻՄ-երի սոցիալական ցանցերում, այսինքն՝ քաղաքացիները հնարավորություն չունեին տեղեկանալու այդ մասին։ Բացի այդ, HEKS EPER-ի և Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոնի (SCCSF) ներկայացուցիչների հետ պոտենցիալ գաղափարների հանրային քննարկումների ժամանակ հանդիպման մասին տեղեկատվությունը նույնպես չէր տարածվել բնակչության շրջանում, ուստի դրան հիմնականում ներկա են եղել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները: