Չնայած երկրում տիրող համավարակային իրավիճակին ավտոմեքենաների պարտադիր տեխզննումը չի հետաձգվել։ Ինչպես արդեն JNEWS-ը տեղեկացրել էր իր ընթերցողներին սյուն թվականի հուլիսի 21-ից սկսած տուգանվում են տեխզննում չանցած ավտոմեքենաների վարորդները:
Տեխզննում չանցած ավտոմեքենաները տուգանվում են նաև «Խելացի տեսախցիկների» կողմից, սակայն ներկա դրությամբ Ախալքալաքի «Խելացի տեսախցիկները» չեն աշխատում։
Հարկ է նշել, որ մարտի 21-ին Վրաստանում հայտարարված արտակարգ դրության ժամանակ տեխզննումն ու դրա համար նախատեսված տուգանքները ժամանակավորապես չեղարկվել էին:
Բոլոր տրանսպորտային միջոցները, որոնք պետք է տեխզննում անցնեին արտակարգ դրության ժամանակ, պետք է դա անեին արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելուց հետո՝ 60 օրվա ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության որոշումից:
Միևնույն ժամանակ, ապրիլի 1-ից Վրաստանում կիրառվում են տրանսպորտային միջոցների տեխզննման նոր կանոններ:
Այսպիսով, վարորդներին արգելվում է ղեկը տեղափոխել աջից ձախ: Տեղափոխված ղեկով մեքենաները չեն կարողանա անցնել տեխզննումը: Սահմանափակումները չեն վերաբերի այն մեքենաներին, որոնց ղեկը փոխվել է մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը:
Նաև այն մեքենաները, որոնք ունեն ավելի քան 10 տարի վաղեմության անվադողեր, անկախ դրանց վիճակից, նույնպես կմնան առանց ցանկալի տեխզննման: Բացի այդ, ապրիլի 1-ից հետո տեխզննում անցնող տրանսպորտային միջոցների սեփականատերերը պետք է ներկայացնի գազաբալոնի սարքին լինելու մասին վկայագիր:
Ապրիլի 1-ից ավտոմեքենաները պետք է ունենան հատուկ կատալիզատորներ, որոնք վերահսկում են ածխածնի երկօքսիդի (շմոլ գազ) արտանետումը: Մեծ արագության ժամանակ CO-ի արտանետումը չպետք է գերազանցի 0.7%-ը:
Ժամանակին չանցած տեխզննման համար նախատեսված տուգանքը 50 լարի է, այն արձանագրվում է ամսական մեկ անգամ:
Այսպիսով, եթե մեկ տարի երթևեկել եք առանց տրանսպորտային միջոցի տեխզննման, ապա տուգանքների չափը կհասնի 600 լարիի: Բայց դրա վճարումը հետաձգելն արդեն չի ստացվի, տուգանքի վճարման համար տրվում է մեկ ամիս ժամկետ, այնուհետև չվճարելու դեպքում դրան ավելանում է օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը: Եվ եթե վեց ամսվա ընթացքում տուգանքը չի վճարվում, ապա վարորդը կարող է կես տարով զրկվել իր վարորդական իրավունքից: