Ախալքալաքի սպասարկման կենտրոնը նոր աղբատար մեքենա և 3 նոր, ավելի մեծ տարողությամբ աղբամաններ է ստացել։

308 000 լարի արժողությամբ աղբատար մեքենան և 3 նոր մեծ աղբամանները Ախալքալաք են հասել գիշերը։

Քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել ևս 6 աղբաման, և մեծ աղբամանների ընդհանուր քանակը կլինի 9-ը։

Նոր աղբամանների տարողությունը 6-7 խորանարդ մետր է։ Աղբամանները տեղադրվելու են հետևյալ գյուղերում՝ Դիլիսկա, Խանդո, Ազավրեթ, Մեծ և Փոքր Սամսարներ, Օլավերդ և Աբուլ։ Հետագայում կորոշվի ևս երկու գյուղ, իսկ մի աղբարկղը որևէ տեղ չի տեղադրվի, լիքը աղբամանը փոխելու նկատառումներով:

Հարկ է նշել, որ Ախալքալաքի սպասարկման կենտրոնը ևս 200 հատ նոր աղբաման էր ստացել, որոնք արդեն տեղադրվել են շրջանի 14 գյուղերում։