Ախալքալաքի քաղաքապետարանին կից «Քաղաքացիական խորհրդականների խորհուրդը» ստեղծվել է վաղուց, սակայն իր իրական գործունեությունն այն սկսել է մեկ տարի առաջ: Ինչպես է անցել տարին, ինչպիսին են համագործակցության արդյունքները. Խորհրդի նախագահի և Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի կարծիքը:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, 2014 թվականից բոլոր մունիցիպալիտետերում քաղաքապետին առընթեր պետք է ստեղծվեին «Քաղաքացիական խորհրդականների խորհուրդներ»: Ախալքալաքի մունիցիպալիտետում խորհուրդը ստեղծվել է շատ վաղուց, բայց 2019 թ.-ին, երբ JNEWS- ը գրում էր ապակենտրոնացման բարեփոխումների մասին, քաղաքապետարանից հայտնել էին, որ իրենց մոտ Խորհուրդ կա և գործում է, բայց մի քանի անդամների զանգահարելուց հետո պարզեցինք, որ իրականում նրանցից շատերը չգիտեին, որ ընդգրկված են այս Խորհրդում:
2020-ի հունվարին Ախալքալաքի մունիցիպալիտետում կրկին ստեղծվեց «Քաղաքացիական խորհրդականների խորհուրդ» մարմինը: Խորհուրդը բաղկացած է 9 հոգուց, խորհրդի անդամները տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, ակտիվ քաղաքացիներ, գործարարներ, ովքեր պետք է քննարկեն և տարբեր կարևոր խնդիրների լուծման վերաբերյալ քաղաքապետին խորհուրդներ տան: Խորհուրդը, ինչպես նշված է «Տեղական ինքնակառավարման օրենսգրքի» 86-րդ պրիմ հոդվածում, պետք է, առնվազն, երեք ամիսը մեկ անգամ նիստեր անցկացնի: Խորհրդի նախագահ է ընտրվել Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը:
«Քաղաքացիական խորհրդականների խորհուրդը» տարվա ընթացքում 4 անգամ է հանդիպել: Ըստ «Քաղաքացիական խորհրդականների խորհրդի» նախագահ Մախարե Մացուկատովի, հանդիպումների ընթացքում նրանք քննարկել են որոշ խնդիրներ և խորհուրդներ առաջարկել դրանց լուծման համար:
«Այս խնդիրներից մեկը աղբահանությունն է: Մենք օգնեցինք քաղաքապետարանին ստեղծել նախագիծը ու այն հանձնել Ճապոնիայի դեսպանատուն, և նրանք ֆինանսավորեցին դա: Եվ առաջին անգամ Ախալքալաքում, քաղաքապետարանի միջոցով քաղաքացիական առաջարկությամբ, մենք կարողացանք իրականացնել նախագիծ: Առաջարկություններ շատ կային՝ ճանապարհների, խմելու ջրի վերաբերյալ », – ասում է Մախարե Մացուկատովը:
Խորհրդի նախագահի խոսքով, իրենք Չունչխա գյուղում պատրաստում են նախագիծ իրականացնել և դոնորներ են փնտրում:
«Մենք ուզում ենք հողմային պոմպով ջրամբար կառուցել, որպեսզի ջուրը հավաքվի ու այն օգտագործվի և խմելու և ոռոգման համար: Դա կլինի փորձնական: Այնուհետև հնարավոր է այլ գյուղերում նույնպես կառուցել այդպիսի շինություններ», – ասում է Մախարե Մացուկատովը:
Ախալքալաքի քաղաքապետը նշեց, որ Խորհուրդը, իրոք, ստեղծվել է անցյալ տարվա հունվարին, և այն ունի ոչ թե գործադիր, այլ խորհրդատվական բնույթ: Յուրիկ Ունանյանը նույնպես կարծում է, որ աղբահանության նախագիծը լավ նախագիծ է, որն իրոք իրականացվել է «Քաղաքացիական խորհրդականների խորհրդի» առաջարկով:
«Երեք օրվա ընթացքում այս հարցը կլուծվի, մենք կավելացնենք գումար և կգնենք մեքենա: Բազմաթիվ հարցեր կային, որոնք Խորհուրդը առաջարկում էր: Այս Խորհուրդը խորհրդատվություններ է տալիս, եթե չօգնի էլ, չի էլ խանգարում տեղական իշխանությունների աշխատանքին, սակայն այն օգնում է », – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Ժողովրդավարական և քաղաքացիական ինստիտուտները թերի ապակենտրոնացման պայմաններում դեռևս ուժեղ արդյունք չեն տալիս, սակայն Ախալքալաքում տվյալ Խորհրդի գոյությունն ու գործունեությունը փոքր քայլ է Վրաստանում ժողովրդավարության ընդհանուր զարգացման ուղղությամբ: