Եթե ընտանիքին հողամասը հատկացվել է հողային բարեփոխումների ժամանակաշրջանում՝ 1990-ականների սկզբին, անձն օգտագործում է այդ հողը, բայց նա չունի հանձնման֊ընդունման ակտ, կամ փաստաթղթերը թերի են, նա որոշ ընթացակարգեր անցնելուց հետո միևնույն է կարող է գրանցել իր հողամասը: Իսկ թե որոնք են դրանք …
Հողային բարեփոխումների ընթացքում ստացված հողամասը գրանցելու նպատակով քաղաքացին առաջին հերթին պետք է չափագրի հողամասը, այսինքն` կատարի հողամասի օդանկարահանում: Դրանից հետո քաղաքացին օդանկարահանումը պետք է ներկայացնի Հանրային ռեեստր: Եթե կան փաստաթղթեր, ապա օդանկարահանման հետ միասին անհրաժեշտ է դրանք էլ ներկայացնել Հանրային ռեեստրին, գրել դիմում այն մասին, որ կամենում եք հաստատել Ձեր սեփական իրավունքներն այս հողամասի նկատմամբ:
Պետական ռեեստրն Արխիվից հայցում է դիմումատուի «ընտանիքի կազմը» փաստաթուղթը, ընտանիքի մասին տեղեկությունները: Տեղեկատվություն է հայցում Եկամուտների ծառայությունից հարկերի և այնտեղ գրանցման վերաբերյալ: Եթե անձը գրանցել է տվյալ հողամասը հարկային մարմնում, ապա սա նույնպես ապացույց է հանդիսանում, որ քաղաքացին օգտագործել է այս հողը: Նույնիսկ եթե նա հարկեր չի վճարել:
Այս բոլոր փաստաթղթերը Հանրային ռեեստրի կողմից փոխանցվում են քաղաքապետարան և այնտեղ սկսվում է հավաստման գործընթացը: Եթե քաղաքապետարանը համոզվում է, որ այս հողամասը երկար տարիներ օգտագործվել է դիմումատուի կողմից, հարևանների հետ ոչ մի վիճահարույց հարց չկա, հողը տրվել է հողային բարեփոխումների ընթացքում, այլ ոչ թե ապօրինի գրավվել է, ապա քաղաքապետարանին առընթեր գրանցման փաստաթղթերը ուսումնասիրելու և պարզելու նպատակով ստեղծված հանձնաժողովը որոշում է կայացնում, որ այս հողամասն իրապես պատկանում է տվյալ անձին: Եվ արդեն դրանից հետո Գույքային ռեեստրը՝ քաղաքապետարանի որոշման հիման վրա, գրանցում է հողամասը:
Ախալքալաքի մունիցիպալիտետում, հողային բարեփոխումների ընթացքում, քաղաքացիներին առավելագույնը հատկացվել է 1 հա 25 հար հողատարածք:
«Օրենքում գրված է, որ անձը կարող է գրանցել 1 հա 25 հար-ից մինչև 5 հա տարածք, և շատերը դա սխալ են հասկանում: Նրանք կարծում են, որ հնարավոր է գրանցել մինչև 5 հա տարածք: Բայց դա վերաբերում է այն շրջաններին, որտեղ, հողային բարեփոխումների ժամանակ քաղաքացիներին հատկացվել է մինչև 5 հա հողատարածք: Օրինակ՝ Կախեթիում նման բան եղել է: Այն մունիցիպալիտետներում, որտեղ շատ հողամասեր կան, ավելի շատ հողատարածք է հատկացվել: Մեր մունիցիպալիտետում 1 հա 25 հար -ից ավելի ոչ ոքի չի հատկացվել», – ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի իրավաբանական ծառայության պետ Խաչատուր Ալեքսանյանը:
2016 թվականից ի վեր Ախալքալաքի մունիցիպալիտետը ստացել է 7 000 հողերի գրանցման հայտադիմում, դիմողներից 5000-ն արդեն գրանցել են իրենց հողամասերը: 25 գործ լուծվել է դատական գործընթացով՝ հիմնականում հարևանների միջև եղած տարաձայնությունների պատճառով: 1000-ից ավելի գործ գտնվում է քննարկման վարույթում:
Այս թեմայով կարդացեք նաև հետևյալ հոդվածը՝
Հողերի գրանցումն Ախալքալաքում և ընթացքում ծագող խնդիրները