Ախալքալաքի մունիցիպալիտետի Չամդուրա գյուղի ճանապարհի ասֆալտապատումն ընթացքի մեջ է։ Նախագծում փոփոխություններ են կատարվել, և եզրաքարերի փոխարեն շինարարական կազմակերպությունը ջրանցքներ է կառուցում։ Մունիցիպալիտետն ասֆալտապատման համար միջոցներ հատկացրել է տեղական բյուջեից։ Աշխատանքներն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Չամդուրա գյուղի 1286 մ ճանապարհն, որը սկսվում է Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհից ասֆալտապատվում է տեղական բյուջեի միջոցներով։ Մրցույթը հայտարարվել է 1 017 476 լարիի չափով, այն շահել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը 1 017 000,00 լարիով։
Ասֆալտի առաջին շերտը փռված է արդեն, հիմա ճանապարհի երկու կողմերում աշխատողները ջրանցքներ են կառուցում։
Նախագծով ծրագրված էր եզրաքարերի կառուցում, սակայն նախագծում փոփոխություններ են կատարվել, և ընկերությունը եզրաքարերի փոխարեն ջրանցքներ է կառուցում։
Աշխատողների խոսքով, 4-5 օրում կավարտեն ջրանցքների կառուցումը, ապա կսկսվի ասֆալտի երկրորդ շերտի փռումը։
Գյուղում հիմնականում գոհ են, որ գյուղի ճանապարհն ասֆալտապատվում է.
Չամդուրա գյուղի բնակիչ Վոլոդյա Կարապետյանը կուզենար, որ ավելի շատ ճանապարհ ասֆալտապատվեր գյուղում:
«Խնդիրն այն է, որ ճանապարհն ասֆալտապատվում է մինչև եկեղեցի, գյուղի տարածքը վերջանալուն մնում է ընդամենը 200 մետր, շատ քիչ։ Ինչու գյուղի վերին հատվածը չի ասֆալտապատվում: Չէ որ ես էլ եմ Չամդուրա գյուղի բնակիչ և Վրաստանի քաղաքացի, 40 տարի աշխատել եմ մեր շրջանի համար։ Ինչու մեր տան մոտ ասֆալտ չեն անում»,- ասում է Վոլոդյա Կարապետյանը։
Մանուկյան Նաիրին ասում է, որ ասֆալտապատելուց հետո վարորդները սկսել են մեծ արագությամբ երթևեկել, և որ անհրաժեշտ է շատ արհեստական պատնեշներ տեղադրել, այսպես կոչված՝ «պառկած ոստիկաններ», ըստ նրա, նախատեսված է տեղադրել միայն մեկ անհարթություն:
«Թող շատ տեղերում «պառկած ոստիկաններ» դնեն, մի տեղը քիչ է»,- ասում է Նաիրի Մանուկյանը։
Jnews-ի հետ հեռախոսազրույցում «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ից ասացին, որ գյուղի բնակիչների խնդրանքով նախագծում փոփոխություններ են կատարվել, և ջրանցքներ են կառուցվում։ Ծախսերը եզրաքարերի համար նախատեսված գումարում տեղավորվում են։
«Հիմա ջրանցքներ ենք կառուցում, 55 հատ տեղադրվել է։ Դրանից հետո կսկսենք ասֆալտապատումը։ Ինչ վերաբերում է «պառկած ոստիկաններ»-ին, մենք կտեղադրենք այնքան, որքան նախատեսված է նախագծով։ Ամեն ինչ կախված է գումարից, եթե գումարը բավարարի, կարող ենք լրացուցիչ տեղադրել»,- ասաց «ՋավախԱվտոԳզա» ընկերության ներկայացուցիչը։