Ազավրեթն Ախալքալաքից կես ժամ հեռավորության վրա գտնվող լեռնային գյուղ է, որը, հիմնականում, ապահովված է բնական գազով և խմելու ջրով։ Սակայն գյուղացիներին տանջող խնդիրը դեռևս ներգյուղական ճանապարհն է, որը սարսափելի վիճակում է գտնվում, ինչպես նաև ոռոգման ջրի անբավարարությունը։
Ազավրեթ գյուղն ունի մոտ 360 տնտեսություն։ Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, քանի որ գյուղը քիչ ցանքատարածություններ ունի։ Սակայն այդ սակավաթիվ արտերը, որոնք մշակում են գյուղացիները, դժվարությամբ են ոռոգվում։
«Մենք ունենք հսկայական արհեստական ջրամբար, բայց այնտեղ արտահոսք կա, ջուրը հոսում է ջրամբարի տակով, փոքր-ինչ վերանորոգման աշխատանքների կարիք կա: Մի բարերար փոքրիկ ջրավազան է կառուցել, բայց դա քիչ է, մեր գյուղը մեծ է»,- ասում է ազավրեթցի Սամվել Սերոբյանը:
Ազավրեթ գյուղի ջրավազանը
Գյուղի մեկ այլ խնդիր է ճանապարհների հարցը։ Ազավրեթ, Բուռնաշեթ և Լոմատուրցխ տանող ճանապարհի վերականգնումն ամբողջությամբ կարժենա 1 235 975 լարի, այս ճանապարհի երկարությունը 1 990 մետր է։ 2022 թվականին ասֆալտապատվել է Բուռնաշեթ գյուղի դպրոց տանող ճանապարհի 1 100 մ երկարությամբ հատվածը, աշխատանքների արժեքը կազմել է 577 034 լարի։ Ասֆալտապատումն իրականացրել է «Արալի» ընկերությունը։ Արդյունքում, Բուռնաշեթ գյուղի դպրոցից մինչև Ազավրեթ հատվածը մնացել է կիսաքանդ վիճակում։
Մեկնարկել է 4 գյուղական ճանապարհների ասֆալտապատման նախապատրաստական գործընթացը
Հատվածային ասֆալտ Լոմատուրցխ-Բուռնաշեթ ճանապարհին
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, Բուռնաշեթ գյուղի դպրոցից Ազավրեթ տանող ճանապարհի ասֆալտապատումն այս տարի նախատեսված չէ։
«Մեր նախագիծը մինչև այն տեղն էր, որտեղ մենք ասֆալտապատել ենք, նույնիսկ մի քիչ էլ այն կողմ են ասֆալտապատել: Այս հատվածի համար նոր նախագիծ է պետք, նոր մրցույթ: Մենք ուզում ենք անել, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ կան հեռավոր գյուղեր, մենք փորձում ենք այնպես անել, որ բոլոր գյուղերում լինեն մոտավորապես նույն պայմանները, օրինակ՝ մինչև Ազավրեթ գյուղը մնում է 2-3 կմ վատ ճանապարհ, դրա հետ մեկտեղ մենք ունենք Խավեթ, Սամսար, Կոկիո, Օլավերդ գյուղերը: Այդպիսի գյուղերում 10-13 կմ է մնում մինչև ասֆալտապատ ճանապարհը»,- պարզաբանեց նա։
Սամվել Սերոբյանը նկատում է նաև, որ գյուղն իր տարածքով երրորդն է մունիցիպալիտետում, սակայն մուտքի մոտ անգամ ցուցանակ չկա: Բնակիչներին ստիպած են եղել գյուղի անունը գրել մի մեծ ցիստեռնի վրա։
Նշենք, որ ցուցանակների բացակայության խնդիրն արդիական է Ախալքալաքի մունիցիպալիտետի բազմաթիվ գյուղերի համար։
Աղբակույտերը՝ գյուղերի այցեքարտ
Ջավախքի գյուղերի կորած ցուցանակները
«Ոչ միայն Ազավրեթը, շատ այլ գյուղեր տարբեր պատճառներով ցուցանակներ չունեն, մենք ծրագիր ենք մշակում, գյուղի մասնագետների հետ աշխատում ենք տեղեկություններ հավաքել, թե որտեղ կան, իսկ որտեղ չկան ցուցանակներ, քանի որ իսկապես, մի քիչ վիրավորական է, թե ինչու որոշ գյուղեր ունեն, իսկ որոշները՝ ոչ»,- ասում է Մելքոն Մակարյանը։
Քաղաքապետը նշում է՝ ցուցանակների տեղադրման հետ կապված աշխատանքները նախատեսվում է իրականացնել այս տարի։