Խուլգումոյի մանկապարտեզի շենքը ձեռք է բերվել դեռ 2014 թ.-ին, Օգնություն գյուղին ծրագրի շրջանակներում: Տարիներ շարունակ բարեկարգման աշխատանքներ են տարվել, սակայն մինչև հիմա շենքը շահագործաման ենթակա չէ: Պատճառը ջրի բացակայությունն է:

Խուլգումյո մանկապարտեզի շենքը ձեռք է բերվել 32,000 լարի գումարով: Տարիների ընթացքում մանկապարտեզի վերանորոգման համար ծախսվել է` 16 000, 24 000, 42 000 և 2 700 լարի գումար, բայց միևնույնն է խնդիրներն անպակաս են։ Չնայած այն հանգամանքին, որ նախակրթարանը նախատեսել էին բացել անցյալ տարվա աշնանը, այն դեռ փակ է։ Հիմա մանկապարտեզում ջուր չկա:

Խուլգումոյի նախադպրոցական տարիքի երեխաները հաճախում են հարևան Կուլիկամ գյուղի, Ախալքալաքի թիվ 3 և թիվ 1 մանկապարտեզներ։

Ծնողներն ու աշխատել ցանկացողներն անհամբերությամբ են սպասում մանկապարտեզի բացմանը:

«Ես մեծ սիրով կաշխատեմ դաստիարակ: Կրթություն ունեմ, ինչպես նաև երեխաների հետ աշխատելու փորձ։ Համ էլ երեխաս կհաճախի գյուղի մանկապարտեզ»,- ասում է Խուլգումո գյուղի բնակչուհի Վալյան, ով ցանկանում է աշխատել մանկապարտեզում։

Գյուղի մասնագետ Մովսես Գիգոլյանի խոսքով, ջրի խնդրի լուծման ուղիները արդեն գտնվել են։

«Գյուղի բնակիչներն այդտեղից ջուր էին հանել ու ջարդել էին ջրատարը։ Երևի հետո տիղմ էր հավաքվել և ջուրը չէր հոսում։ Մանկապարտեզը հսկիչ չունի, ջարդել փչացրել էին ջրագիծը։ Ջրի խնդիրը վերջնական լուծում կստանա մյուս տարի: Պետք է նախահաշվարկ կազմել, որ մյուս տարվա բյուջեում ներառվի։ Շրջանի ղեկավարն ասաց, որ մաքսիմում մինչև ապրիլի 15-ը կբացենք մանկապարտեզը։ Մենք պետք է այնպիսի շինարար բերենք, որ գործից բան հասկանա և միանգամից խնդիրը լուծվի։ Այս հարցի շուրջ համաձայանության ենք եկել շրջանի ղեկավարի և ենթակառուցվածքների բաժնի ղեկավարի հետ»,- ասում է Մովսես Գիգոլյանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանը մեզ հետ զրուցում տեղեկացրեց.

«Այս տարվա ավարտին մնացել է մի ամիս, այսինքն՝ այս տարի հաստատ չի բացվի նախակրթարանը։ Ջրի տեղը գտել են, բայց դեռ չեն նորոգել։ Մունիցիպալիտետը որոշել է, որ մեր Սպասարկման կենտրոնը պետք է նորոգի: Այս տարի բացելն անհնար է, թափուր աշխատատեղերի մասին պետք է հայտարարենք, որ աշխատողներ ընդունենք։ Մյուս տարի, երևի հունվար ամսից կհայտարարեմ վականսիա։ Երկու շաբաթվա ընթացքում կփորձենք ընդունել աշխատողներ: Երևի փետրվարի մեկի համար բացենք»,- ասում է Անահիտ Ասատրյանը։

Խուլգումոյի մանկապարտեզի բացումը հետաձգվում է ջրի պատճառով

Խուլգումոյի մանկապարտեզի բացումն ուշանում է

Խուլգումո գյուղում սպասում են մանկապարտեզի բացմանը

Խուլգումո գյուղի մանկապարտեզի ջուրն անհետացել է

Գայանե Ակոջյան