Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից 5,210 լարի հատկացվել է մունիցիպալ կառույցների կողմից օգտագործվող ջրի դիմաց պարտքերը մարելու համար, սակայն «Վրաստանի ջրամատակարարման միավորման» տվյալների համաձայն՝ երկու հաստատության պարտքն ընդհանուր կազմում է 7235.76 լարի:
«Վրաստանի ջրամատակարարման միավորման» մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի Երաժշտական դպրոցի և Սպորտ դպրոցի կողմից սպառված ջրի պարտքը կազմում է 7235.76 լարի:
Վերջերս, «Վրաստանի ջրամատակարարման միավորում» ընկերությունն Ախալքալաքի Երաժշտական դպրոցի դեմ դատական հայց է ներկայացրել` բաժանորդի պարտքի չվճարման համար և հաղթել է դատը: Երաժշտական դպրոցի պարտքը կազմում է 2790.94 լարի:
Դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանի խոսքով, նրանց և «Վրաստանի ջրամատակարարման միավորման» միջև պայմանագիր չկա: Նրա խոսքով, նախքան նրանց բաժանորդ դարձնելը և վճարել պարտադրելը, Սպասարկման կենտրոնը պետք է պայմանագիր կնքեր իրենց հետ:
«2015 թ.-ին մենք երկու անգամ վճարեցինք սպառված ջրի համար, շատ քիչ՝ 9-12 լարի, ապա նրանք սկսեցին մեզ ուղարկել անդորրագիր՝ ոչ թե ամսական, այլ տարին երկու անգամ, կամ ուղարկում էին SMS հաղորդագրություն: Այն բանից հետո, երբ մենք վճարում էինք առավելագույնը 10-12 լարի, հանկարծ միանգամից ստիպված եղանք վճարել 600-700 լարի, և մենք չկարողացանք այդքան գումար վճարել», – ասում է Սվետլանա Կարոյանը:
Նա հավելեց, որ այն ժամանակ (2015 թ.) քաղաքապետարանից ասացին, որ նրանք կլուծեն այդ հարցը, և որ դպրոցը ոչինչ չձեռնարկի:
«Այս տարի, չգիտես ինչու, ընկերությունը դատական հայց է ներկայացրել բոլոր կառույցներից հենց մեր դեմ», – ասում է Երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը:
Ախալքալաքի Սպորտ դպրոցը հայտնվել է գրեթե նույն իրավիճակում, ճիշտ է, նրանց դեմ դատարան հայց չի ներկայացվել, բայց դպրոցի պարտքը կազմում է 4444.82 լարի:
«Սկզբում մենք ամեն ամիս վճարում էինք 4.50 լարի, հետո որոշ ժամանակ վճարում էինք 9 լարիից ավելի, ապա անսպասելիորեն եկավ անդորրագիր, այնտեղ ավելի քան 1000 լարի էր գրված, և մենք չկարողացանք վճարել», – ասում է Սպորտ դպրոցի հաշվապահ Թամար Մետրևելին:
Ըստ նրա, նրանք նույնպես այն ժամանակ դիմել են քաղաքապետարան:
«Փոխքաղաքապետ Շալվա Բալախաձեն այն ժամանակ ասաց, որ մենք կլուծենք այդ հարցը», – ասաց Թամար Մետրևելին:
Ինչու 2015 թ. այս հարցը մոռացության մատնվեց, և միայն հիմա են պարզում, մենք դեռ չկարողացանք ստանալ այդ հարցի պատասխանը:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, մեկնաբանեց ստեղծված իրավիճակը հետևյալ կերպ. «Մենք կստուգենք, եթե մեր հաստատություններն իրոք այդչափ շատ քանակությամբ ջուր են սպառել, ապա ստիպված կլինենք վճարել», – ասում է Յուրիկ Ունանյանը:
Քաղաքապետարանում չգիտեին պարտքերի ճշտգրիտ քանակը, այդ իսկ պատճառով էլ հատկացված միջոցները հնարավոր է բավարար չլինի պարտքերը մարելու համար:
Քաղաքապետի խոսքով, այս փուլում բյուջեում ամբողջ գումարը միանգամից վճարելու համար միջոցներ չկան:
Մունիցիպալ կառույցների ներկայացուցիչների հետ զրույցից բխող հարցերի հետ կապված մենք դիմեցինք «Վրաստանի ջրամատակարարման միավորման» Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Արտակ Թառլամազյանին: Նա ասաց, որ պայմանագրի բացակայության վերաբերյալ բողոքներն անտեղի են, քանի որ անդորրագիրն ինքնին պայմանագիր է:
«Այն բանի առնչությամբ, որ 12 լարիից անմիջապես բարձրացավ մինչև 600 լարի և ավելի, գուցե բաժանորդը հենց այդ ժամանակ պետք է դիմեր մեզ, գուցե հաշվեցույցը ճիշտ չի աշխատում, բայց ոչ ոք մեզ չի դիմել այդ առթիվ», – ասում է Արտակ Թառլամազյանը:
Նրա խոսքով, այս տարիների ընթացքում նրանք մի քանի անգամ դիմել են այդ հաստատություններին, նույնիսկ փոստով նամակ են ուղարկել` պարտքի չվճարման մասին փաստը ծանուցելու և ֆիքսելու նպատակով: Հարցին, թե արդյո՞ք չվճարելու դեպքում նրանք չեն պատրաստվում դատի տալ և այլ հաստատություններին, տնօրենը պատասխանեց, որ այդ հարցերն ինքը չի որոշում:
«Վրաստանի ջրամատակարարման միավորման» Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջերը նշեց, որ այս իրավիճակն արդիական է ոչ միայն հաստատությունների և կազմակերպությունների, այլև բնակչության շրջանում, և, որ օրենքը պարտադրում է բոլորին վճարել ջրի համար պարտքերը և չկան կանոնակարգեր, որոնք զրոյականացնում կամ նվազեցնում են կուտակված պարտքերը, ուստի նա բոլորին կոչ է անում վճարել պարտքը, որպեսզի այն չաճի:
Բրատիսլավ Իգիթխանյան