Խուլգումո գյուղում գնվել և վերանորոգվել է մանկապարտեզի համար շենք, սակայն այն կահավորված չէ: Դեռ պարզ չէ նաև, թե երբ կգործի մանկապարտեզը:

Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղը ունի 250 ընտանիք՝ շուրջ 1100 բնակիչ: Փոքր երեխաները մանկապարտեզի կարիք ունեն: Որոշ մարդիկ իրենց երեխաներին ուղարկում են քաղաքի մանկապարտեզներ, սակայն ոչ բոլորը կարող են իրենց դա թույլ տալ, և բացի այդ, քաղաքի մանկապարտեզները չեն կարող տեղավորել բոլոր երեխաներին:

Մանկապարտեզի շենքը սեփական, հինգ սենյականոց, խոհանոցով տուն է: Սենյակները վերանորոգված են, ջեռուցումն անցկացված, սանհանգույցը պատրաստ: Մնում է միայն սենյակները կահավորել ու ընդունել աշխատողներ: 44 երեխայի ծնող դիմում է ներկայացրել և սպասում է մանկապարտեզի բացմանը:

xu

хульг

Էմմա Մանվելյանն իր երկու ավագ երեխաներին տարել է Ախալքալաքի մանկապարտեզ: Նրա խոսքերով դա շատ դժվար էր: Նա սպասում է երրորդ երեխային և մեծ հույսեր ունի, որ երեխան կգնա գյուղի մանկապարտեզը:

«Մենք հերթով տանում էինք, ամեն շաբաթ մի ծնող երեխաներին քաղաք էր տանում: Կային մարդիկ, ովքեր հնարավորություն չունեին, ու երեխաներին քաղաքի մանկապարտեզ չէին տանում: Մենք էլ, եղել է, որ մարդ չի եղել երեխաներին մանկապարտեզ տանելու ու երբեմն չենք ուղարկել մանկապարտեզ: Ամուսինները գարնանը մեկնում են աշխատելու, ու ոչ-ոք չի լինում, որ երեխաներին տանի», – ասում է Էմմա Մանվելյանը:

Չիվչյան Սվետլանայի թոռնուհին մնացել է առանց նախադպրոցական կրթության, քանի որ քաղաքի մանկապարտեզներում տեղ չի եղել: Բացի այդ գյուղի նոր մանկապարտեզը, նա տեսնում է, որպես նոր աշխատատեղ կրթված երիտասարդների համար:

«Իմ հարսը կրթված է, եթե բացեն մանկապարտեզ, նա կարող է աշխատանքի տեղավորվել: Գյուղում շատ կրթված երիտասարդներ կան», – ասում է Սվետլանա Չիվչյանը:

хульгумо3

2013 թ.-ին, Խուլգումոյում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում ստացված գումարով գնվել է մանկապարտեզի համար տուն և վերանորոգվել: Տարբեր տարիների շինարարության վրա ծախսվել են տարբեր գումարներ: Օրինակ, անցյալ տարի վերանորոգման համար տեղական բյուջեից ծախսվել է 42 372 լարի:

«Մենք գնեցինք 32 000 լարիով: Առաջին տարում վճարեցինք 24 000 լարի, մնացած 8 000-ը վճարեցինք երկրորդ տարում: Հետո սկսեցինք վերանորոգել: ՕԳԾ–ից վերանորոգման վրա ծախսել ենք 16 000 լարի, հետո՝ 24 000, իսկ անցած տարի բյուջեից հատկացվել էր 42 000 լարի: Մնում է որոշ թեթև աշխատանքներ ավարտել՝ աստիճանները, միացնել գազը», – ասում է գյուղի մասնագետ Մովսես Գիգոլյանը:

Նրա խոսքերով, ամբողջ գյուղով դիմում են գրել, որ քաղաքապետարանը կահույքով ապահովի շենքը ու ընդունի աշխատողներ:

Պետք է նշել, որ 2018 թ.-ի շրջանի բյուջով նոր մանկապարտեզի ծախսեր նախատեսված չէ:

xulg

Սակայն, ըստ Ախալքալաքի շրջանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովի, այն որ բյուջեով այս կետը չի նախատեսված, չի նշանակում, որ մանկապարտեզը չի գործի այս տարի:

«Մենք արդեն պատրաստում ենք փաստաթղթերը կահույքի գնման տենդեր-մրցույթը հայտարարելու համար: Կահույքից հետո մենք կնդունենք աշխատողներին: Եթե բյուջեն դեռ չի հատկացրել գումար, ապա դա այնքան էլ պրոբլեմատիկ չէ, մենք կարող ենք գտնել: Մենք ցանկանում ենք, որ այս տարի մանկապարտեզ բացվի Խուլգումո, Կարծախ և Գումբուրդո գյուղերում», – բացատրեց Վալերի Ստելմաշովը:

Սակայն, Խուլգումո գյուղի մանկապարտեզի գործելու հարցը, մնում է բաց:

Շուշան Շիրինյան