«Ոչ պառլամենտական ընդդիմություն» բլոկի ներկայացուցիչները գտնում են, որ Վարչության թափուր տեղերի համար անցկացված քննությունները ընթացել են խախտումներով և պահանջում են վերաքննություն: Ինչպես նաև պահանջում են վերանայել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքը, քանի որ, այն կարող է բերել Ախալքալաքի շրջանի բնակչության տեղահանմանը:
Հանրահավաքը նախատեսված էր սկսել հունվարի 20-ի ժամը 12:00, սակայն այն սկսվեց ուշացումով՝ 12:20-ին:
Հանրահավաքին հավաքվել էր մոտ 100 մարդ: Ներկա էր նաև «Ազատ Վրաստան» կուսակցության նախագահ՝ Կախա Կուկավան: Ցույցը լուսաբանելու էին եկել կենտրոնական և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հանրահավաքը սկսվեց «Ոչ պառլամենտական ընդդիմություն» բլոկի նախկին գրասենյակի դիմացից, որտեղ ներկաների առջև ելույթ ունեցավ Նորիկ Կարապետյանը: Այնուհետև մարդիկ շարժվեցին դեպի Քաղաքացիական Ռեեստրի շենք: Այնտեղ նրանք մնացին մոտ 10 րոպե, որտեղ բանախոսները քննադատեցին «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքը, որի պատճառով Ախալքալաքի բնակչությունը հայտնվել է հուսահատ վիճակում: Ցուցարարները պահանջում էին փոխել քաղաքացիության մասին օրենքը, մասնավորապես այն փաստը, որ այլ պետությունների քաղաքացիները 90 օրից ավել Վրաստանում գտնվելու իրավունք չունեն: Նրանք պահանջում էին նաև վերականգնել այն մարդկանց քաղաքացիությունը, ովքեր դրանից զրկվել էին, քանի որ ընդունել էին այլ պետության քաղաքացիություն և Ջավախքի բնակչությանը տալ կացության իրավունք:
Քաղաքացիական Ռեեստրից հետո բողոքողները շարժվեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ նրանք մոմ վառեցին Գյումրիում դաժանորեն սպանված ընտանիքի հիշատակին:
Եկեղեցուց հետո հանրահավաքը շարունակվեց Ախալքալաքի Վարչության շենքի դիմաց: Հավաքվածների առջև ելույթ ունեցան Նորիկ Կարապետյանը, Կախա Կուկավան և Բեժան Գունավան:
Իր ելույթում Կախա Կուկավան նշեց, որ ատեստացիան անցկացվել է անարդարացի, խախտումներով և պահանջեց չեղյալ համարել արդյունքները:
Ըստ նրա խոսքերի, թեստավորման անցողիկ բալը սկզբում եղել է 33, սակայն, հանձնաժողովը տեսնելով, որ անցողիկ բալը շատերը չեն հաղթահարել իջեցրել է այն մինջև 30:
-«Տեղական իշխանությունը նշանակել է իր բարեկամներին, Պետրոսյանի և Աղասարյանի բարեկամներին: Մենք ուզում ենք, որ ատեստացիան նորից անցկացնեն, քանի որ շատ խախտումներ են եղել: Տեսնելով, որ «Երազանք»-ի և «Ազգայիններ»-ի կողմնակիցները թեստավորումը չեն անցել, նրանք հետին թվով իջեցնում են անցողիկ բալը: Դա չլսված խախտում է»,- ասում է Կախա Կուկավան:
-«Այսօր, այստեղ ներկա են կենտրոնական և տեղական հեռուստաալիքները և ես ուզում եմ, որ բոլորը լսեն յուրաքանչյուր հիմնախնդրի մասին, որը Ախալքալաքում կա: Գլխավոր խնդիրը այստեղ այն է, որ տեղական ընտրություններից հետո այստեղ հաղթեցին ոչ թե «Երազանք»-ը կամ «Ազգայիններ»-ը, այլ հաղթեց մաֆիան: Ցանկացած բաժանում ըստ կուսակցությունների այստեղ պայմանական է: Այս շրջանը ղեկավարում է հակակրիմինալական կլանը: Ախալքալաքում կա երկու կուսակցություն, կա մաֆիա և կա «Ազատ Վրաստան»-ը»,- շարունակում է Կուկավան:
Նրա կարծիքով «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքը, ենթադրում է Ջավախքի բնակչության արտաքսում:
-«Քաղաքացիության հարցը շատ կարևոր հարց է ջավախքցիների համար: Այստեղ ամենաքիչը 2000 մարդ տեղացի քաղաքացիներից, մասնավորապես հայերից, զրկվել են վրացական քաղաքացիությունից, իսկ դա ենթադրում է արտաքսում ու արդեն այդ պրոցեսը սկսվել է: Սա կարող է մեզ վերադարձնել 90-ական թվականները և այդ ժամանակ կսկսվի ոչ միայն արտագաղթը, այլ կսկսվեն այն տեսակ հակամարտություններ, որը գրեթե անհնար կլինի կանգնեցնել: Դրա համար մենք պետք է այն կանգնեցնենք հիմա, քանի դեռ հակամարտությունները չեն սկսվել: Անհրաժեշտ է վերականգնել բոլոր մարդկանց քաղաքացիությունը, տալ կացության թույլտվություն, որպեսզի նրանց չսպառնա արտաքսում»,-ասում է Կախա Կուկավան:
Իր խոսքում Բեժան Գունավան ասաց, որ Վրաստանում հավանաբար ոչ բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում այստեղ և կոչ արեց ԶԼՄ-ներին լավ լուսաբանել:
-«Մի օր կարող է այնպես պատահել, որ այդ սխալը չշտկվի: Պետք է պայքարել մինչև վերջ: Մենք հաղթեցինք գազային պատերազմում, անպայման կհաղթենք նաև այս պայքարում: Քանի որ դուք դրան արժանի եք»,- ասաց Բեժան Գունավան:
Դիմելով հավաքվածներին Նորիկ Կարապետյանը ասաց, որ ինքնակառավարման մասին օրենքը Ախալքալաքի շրջանում չի աշխատում և, որ Ախալքալաքում անօրինականություն է, շրջանում չի գործում ոչ սահմանադրությունը, ոչ օրենքները:
-«Մենք Վրաստանի լիիրավ քաղաքացի ենք, մենք ցանկանում ենք ինտեգրվել, բայց մեզ չեն թողնում: Կոռուպցիան աստիճանաբար զարգանում է: Մենք ցանկանում ենք պայքարել դրա դեմ: Բյուջեն գողանում են, անհետանում են գյուղական ծրագրի փողերը: Բացի այդ մենք ցանկանում ենք, որ Խորհրդարանը օրենք ընդունելուց հաշվի առնի ժողովրդի կարծիքը: Օրենքը, որ արտասահմանյան քաղաքացիները Վրաստանում չեն կարող մնալ ավելի քան 90 օր, ժողովրդի դեմ է: Նրանք հայտնվել են անելանելի վիճակում: Մենք պահանջում ենք, որ խորհրդարանական կամ կառավարական հանձնաժողով գա, խորհրդակցի ժողովրդի հետ և իմանա, թե ինչ դժվարությունների առաջ են կանգնել մարդիկ այդ օրենքի պատճառով»,- ասաց Նորիկ Կարապետյանը:
Ելույթներից հետո ներկաները ցանկացան մտնել Վարչության շենք, սակայն պահակները արգելեցին: Այնուհետև ցուցարարները որոշեցին ցրվել և հաջորդ անգամ հանրահավաքի հավաքվել ավելի շատ մարդկանցով, և ոչ միայն հավաքվել Վարչության շենքի մոտ ՝այլ նաև ներս մտնել:
Հանրահավաքի լուսանկարները կարելի է դիտել այստեղ:
Շուշան Շիրինյան