Հուլիսի 26-ին Ախալքալաքում մեկնարկեց Սուրբ Խաչ եկեղեցու բակային ճամբարը, որը կազմակերպվում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կողմից:
Մեկ ամիս շարունակ երեխաները հնարավորություն կունենան սովորելու եկեղեցու պատմություն, ազգային երգեր և պարեր: Այս տարի ճամբարին մասնակցում է մոտ 200 երեխա: Նրանք ըստ տարիքների բաժանված են 4 խմբի:
Առաջին անգամ ճամբար հաճախող Ռոբերտը մեծ սպասելիքներ ունի:
«Ճամբարում շատ եմ ուզում սովորել հայ ժողովրդի պատմություն: Նաև ցանկանում եմ շատ ու շատ ընկերներ ձեռք բերել», – նշեց 10-ամյա Ռոբերտ Ներսեսյանը:
Քիչ չեն այն երեխաները, ովքեր եկեղեցու կողմից կազմակերպվող ճամբար են հաճախում արդեն մի քանի տարի անընդմեջ:
Հարությունյան Դավիթը նրանցից մեկն է: Նա հիացմունքով է խոսում անցած տարվա ճամբարի, ընկերների ու անցկացրած ժամանակի մասին:
«Անցած տարվա ճամբարից ձեռք եմ բերել բավականին շատ ընկերներ, սովորել եմ հայրենասիրական երգեր ու պարեր»: Դավիթը միաժամանակ ավելացնում է, որ հենց ճամբարում է սովորել ավելի հանդուրժող լինել և չկռվել հասակակիցների հետ:
Ճամբարի կազմակերպիչ Լիանա Խլոյանի խոսքով, այս նախաձեռնության նպատակն է երեխաներին կտրել փողոցից ու բարձրացնել նրանց գիտելիքների մակարդակը:
«Ճամպարի նպատակն է մեկ ամսվա ընթացքում երեխաներին պահել եկեղեցու փեշերի տակ: Տալ նրանց հոգևոր դաստիարակություն, կրթություն: Բացի հոգևոր կրթությունից երեխաները հնարավորություն կունենան նաև մասնակցել տարբեր ինտելեկտուալ և մարզական խաղերի», – ասաց Լիանա Խլոյանը:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու ամենամյա բակային ճամբարը նախաձեռնվել է 2003 թվականին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կողմից:
Արթուր Մոսոյան