Քաղաքը Ջիվանի թաղամասի եւ №1 նախկին զինվորական ավանի հետ կապող հետիոտնային կամրջի մասնակի վերանորոգման համար Ախալքալաքի մունիցիպալիտետը հատկացրել է 3938 լարի:
Ախալքալաքի մունիցիպալիտետի 2019 թ. բյուջեյում կամրջի վերանորոգման համար միջոցներ չէր նախատեսված, սակայն կամրջի վիճակն օրեցօր վատթարանում է: Գարնանը կամրջի վրա գոյացել էին անցքեր, որոնք պարզապես փակվել են քարերով: Կամրջի վիճակն ավելի վատացավ երկարատեւ անձրեւներից հետո: Առջևում դեռ աշունն ու ձմեռն է: Տեղ-տեղ միանգամից իրար կողք-կողքի դրված տախտակները փտել են, եւ միշտ վտանգ կա, որ նոր անցք կգոյանա հետիոտների անցնելու ժամանակ: Բնակիչները վախով են քայլում կամրջով: Բնակիչների, ինչպես բանավոր այնպես էլ գրավոր, բազում բողոքներից հետո տեղական իշխանությունը, տենդերներից տնտեսված գումարով, որոշեց վերանորոգել հետիոտնային կամուրջը:
Ախալքալաքի մունիցիպալիտետը 2019 թ. բյուջեի փոփոխություններում, կամրջի մասնակի վերանորոգման համար հատկացրել է 3938 լարի: Այսօր Սակրեբուլոն լիագումար նիստում հաստատեց բյուջեի փոփոխությունները, ինչի արդյունքում հաստատվեց և կամրջի վերանորոգման ծախսը:
Այս տարի նախատեսվում է կամրջի մասնակի վերանորոգում, սակայն մունիցիպալիտետը մտադիր է հաջորդ տարվա բյուջեում գումար հատկացնել հետիոտնային կամրջի հիմնովի վերանորոգման համար:
Հիշեցնենք, որ կամրջի վիճակը վթարային է եւ օրեցօր վատթարանում է: Նրա վրայով շարժվելը վտանգավոր է:
Շուշան Շիրինյան