Օգոստոսի 23-ին, Մեծահասակների կրթության կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ հերթական հանդիպումը «Քաղաքացիական հասարակության հզորացում՝ սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքին հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որտեղ քննարկվեցին շրջանի գյուղատնտեսության հետ կապված խնդիրները։
Հանդիպումն անցկացվեց կլոր սեղանի ձևաչափով։ Խնդրի քննարկումներին ներկա էին Գյուղատնտեսության նախարարության Գյուղական զարգացման գործակալության ներկայացուցիչներ, «Նոր բերք» ՍՊԸ-ի տնօրեն Թամազ Քուրդաձեն, HEKS EPER կազմակերպության ներկայացուցիչներ, տեղացի ֆերմերներ և այլք։
Քննարկվեցին կարտոֆիլագործության խնդիրները, մասնավորապես՝ սերմացու կարտոֆիլի սերտիֆիկացման, պարարտանյութերի, թունաքիմիկատների, հողի որակի, ոռոգման, գյուղատնտեսների պակասի և այլ խնդիրներ։ Ինչ վերաբերում է անասնաբուծության խնդիրներին, որպես այդպիսին անվանվեցին արոտավայրերի բացակայությունը, կաթի մթերման ցածր գինը և այլն։ «Նոր բերք» ՍՊԸ-ի տնօրենը խոսեց իր կազմակերպության խնդիրների մասին: Հավաքվածները քննարկեցին այս խնդիրների հնարավոր լուծումներն իրենց իսկ տեսանկյունից։
Հիշեցնենք, որ հանդիպումը կայացավ Սամցխե-Ջավախքի հարթակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում։ Հարթակը ներառում է Ախալքալաքից երեք հասարակական կազմակերպությունների՝ «Բաց սահմաններ», «Մեծահասակների կրթության կենտրոն», «Ախալքալաքի բիզնես կենտրոն»: Այս կլոր սեղանից առաջ կայացել էր ևս երկու հանդիպում։ Մեկը հասարակական կազմակերպությունների և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են զբաղվածության ընդհանուր խնդիրները։ Ինչպես նաև կլոր սեղան տեղի բնակչության մասնակցությունը խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում թեմայով, Զբաղվածության աջակցության պետական գործակալության, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի, ակտիվ երիտասարդության և ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպումներն անցկացվում են «Քաղաքացիական հասարակության հնարավորությունների հզորացում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS EPER կազմակերպության կողմից, Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում, ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Պլատֆորմը հանդիպումների և քննարկումների միջոցով վերլուծում է քննարկումների ընթացքում հնչած առաջարկություններն ու գաղափարները Սամցխե-Ջավախքում էթնիկ հայերի զբաղվածության խնդրի հնարավոր լուծման համար առաջարկություններ մշակելու նպատակով: