Աղմաշենեբելի փողոցում՝ ոստիկանության շենքի մոտակայքում զբոսայգու կառուցման մրցույթն ավարտվել է։ Աճուրդի հավանական հաղթողը անհատ ձեռներեց Սերգեյ Չոլախյանն է։ Այս փուլում ընթանում է ընտրության և գնահատման գործընթացը։

Ախալքալաքի քաղաքապետարանը մարտի 13-ին մրցույթ էր հայտարարել Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերից մեկի բակում զբոսայգու և մարզահրապարակի կառուցման համար:

Աղմաշենեբելի փողոցում, ոստիկանության շենքի դիմաց զբոսայգու կառուցման էլեկտրոնային մրցույթի նախնական գումարը (ներառյալ ԱԱՀ-ն) կազմում է 165 153 լարի, իսկ նույն վայրում մարզասարքեր տեղադրելու գումարը՝ 27 525 լարի։ Ընդհանուր առմամբ, բյուջեից 192 678 լարի է հատկացվել, որպեսզի բազմահարկ շենքերն ունենան մի վայր, որտեղ երեխաներն ու մեծերն իրենց ժամանակը կանցկացնեն։ Առաջարկների ընդունումն ավարտվել է մարտի 24-ին։

Զբոսայգին իր մեջ ներառում է ուղիներ ինչպես հետիոտնի, այնպես էլ հեծանվորդների համար։ Խաղահրապարակը բաժանվելու է երկու մասի՝ ուսումնական և մանկական։ Կտեղադրվեն նաև նստարաններ և աղբամաններ, կլինեն լուսավորությունն ապահովող լապտերներ, նաև խմելու ջրի շատրվաններ։ Անվտանգության համար հրապարակի մի մասը կծածկվի ռետինե ծածկով։ Մանկական ժամանցի տարածքում կտեղադրվի էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված բազմաֆունկցիոնալ ատրակցիոն։

Մարզասարքերը ներառում են երկտեղ ճոճանակներ և երկու սղարան: Դրանք կտեղադրվեն երկրորդ մարզահրապարակում։ Մարզասարքերից բացի նախատեսվում է տարածքի կանաչապատում: Այդ նպատակով էլ բերրի հող է լցվելու սիզամարգերի համար, ինչպես նաև զբոսայգու տարածքում ծառեր կտնկվեն՝ հիմնականում ցրտադիմացկուն ծառեր ու թփեր, մասնավորապես, եղևնի և ծորենի (բարբարիս) կոչվող թուփը:

Կարդացեք նաև՝

Մրցույթ է հայտարարվել Աղմաշենեբելիի բարձրահարկ շենքերի տարածքում զբոսայգի կառուցելու համար

Ախալքալաքի ամենախիտ բնակեցված թաղամասում երեխաների համար խաղալու տեղ չկա