Այսօր առավոտյան հերթական բեռնատարը դուրս եկել է Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճանապարհաեզրի փոսի մեջ: Միջադեպից ոչ ոք չի տուժել, բայց վտանգը մեծ էր, որ բեռնատարը կարող է կողաշրջվել։
Բանն այն է, որ միևնույն ժամանակ ճանապարհի երկու կողմից բեռնատար է եկել, քանի որ ճանապարհը նեղ է և մեկը մյուսին զիջելու արդյունքում բեռնատարներից մեկը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: Նմանօրինակ դեպքերը բավականին հաճախ են լինում Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի այս հատվածում:
Վարորդները նշում են, որ այդ շրջադարձը շատ վտանգավոր է: Իրենք՝ վարորդներն առաջարկում են այդ հատվածը բետոնապատել և ջրահեռացման համակարգը տակից անցկացնել, այսպիսի դեպքերից խուսափելու համար։
Այս ճանապարհահատվածը պատկանում է Ճանապարհային վարչությանը։ Տեղեկանալու համար, թե ինչ քայլեր է հարկավոր ձեռնարկել, որպեսզի այս հարցը կարգավորվի, Jnews-ը դիմեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանին։
«Կզբաղվեմ այդ հարցով, քանի որ այդ հարցը մեր բնակիչներին է հուզում, դիմում կներկայացնենք ճանապարհների վարչություն, որպեսզի հասկանանք թե հարցին ինչպիսի լուծում կարելի է տալ», – ասաց քաղաքապետը։
Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու հիմնանորոգման աշխատանքների ժամանակ ևս բեռնատար էր ընկել այդ փոսի մեջ, այդ ընթացքում շինարարները քանդեցին նոր ասֆալտը և նորից ասֆալտապատեցին: Ինչպես երևում է էլի անարդյունք, ասֆալտը փոխեցին, բայց խնդիրը չլուծվեց: