Այսօր, հուլիսի 12-ին «Դեմիրյոլ» ընկերությունը մասնակի կատարել է խոստումը և վճարել աշխատողներին 4-5 ամվա աշխատավարձի պարտքի մի մասը, սակայն գործադուլը շարունակվում է: Այս մասին Jnews-ի հետ զրույցում ասել է երկաթգծի աշխատողներից Ա. Խաչատրյանը:
Հուլիսի 10-ից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքներում ներգրավված մարդիկ անժամանակ գործադուլ են հայտարարել՝ մինչև աշխատավարձերը չստանան, նրանք չեն շարունակի աշխատել:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքներն իրականացնող «Դեմիրյոլ» ընկերությունը խոստացել էր, այսօր՝ հուլիսի 12-ին վճարել աշխատավարձերը: Jnews-ի հետ հեռախոսազրույցում գործադուլ հայտարարած աշխատակիցներից Ա. Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը խոստումը մասնակի է կատարել և մինչև ամբողջ պարտքը չփոխանցեն, աշխատակիցները չեն պատրասվում գործի գնալ:
«Այսօր, կեսօրից հետո մենք ստացանք ընդամենը մեկ ամսվա աշխատավարձ: Ընկերության ղեկավարությունը խոստանում է առաջիկա 3-4 օրերին ամբողջովին փակել աշխատակիցներիս ունեցած պարտքը: Բայց աշխատանքի չենք գնա այնքան ժամանակ, մինչև վերջին կոպեկը չստանանք», – ասաց Ա. Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ գործադուլի պատճառն ամիսներ շարունակ չվճարված աշխատավարձն է: «Դեմիրյոլ» ընկերությունը պարտք է երկաթգծի աշխատողներին, ընկերությունը չի հրաժարվում վճարել, սակայն կոնկրետ ժամանակ էլ չի նշում: Գործադուլի մասնակիցները վախենում են, որ ընկերությունը Վրաստանից կհեռանա առանց իրենց աշատավարձերը տալու:
Երկաթգծի շինարարական աշխատանքներում ներգրավված բանվորները հուլիսի 5-ին դադարեցրել էին գործադուլը, պայմանով, որ հուլիսի 10-ին ընկերությունը կվճարի, սակայն հուլիսի 10-ին կրկին չէին վճարել:
ԲԹԿ երկաթգծի աշխատակիցները նորից գործադուլ են հայտարարել
Երկաթգծի աշխատակիցները վաղվանից կդադարեցնեն գործադուլը
Երկաթուղու աշխատողներն արդեն 5-րդ օրն է գործադուլ են անում
Երկաթգծի աշխատակիցները շարունակում են գործադուլը
Jnews-ը ուշի ուշով կհետևի իրադարձությունների զարգացման ընթացքին:
Աղունիկ Այվազյան