Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի կայարանը բեռն ընդունում ու ուղարկում է ամեն երեք օրը կամ շաբաթը մեկ, հիմնականում՝ Ղազախստանից ցորեն:
Մարտի 22-ի առավոտյան, ժամը 11: 00-ին այցելեցինք Ախալքալաքի կայարան: Կայարանում լռություն էր: Ախալքալաքի կայարանի շենքը փակ էր: Պլատֆորմում, երկաթուղային գծերում ու ընդհանրապես կայարանում շարժ չկար:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը 10 տարվա շինարարությունից հետո բացվեց 2017 թ.-ի հոկտեմբերի 30-ին: Բացվելուց հետո արդեն անցել է հինգ ամիս: Ախալքալաքի կայարանն այս երկաթուղային գծի վրա ամենամեծն է: Այստեղ պետք է տեղի ունենա գնացքների անցումը հին գծից եվրոպականի:
ԲԹԿ-ի շահագործման առաջին փուլում ենթադրվում է տեղափոխել մեկ միլիոն ուղևոր և 6,5 միլիոն տոննա բեռ, իսկ երկրորդ փուլում բեռնափոխադրումների ծավալը հասնելու է 17 միլիոն տոննայի և տարեկան 2 միլիոն ուղևորի:
Սակայն դեռ անցած տարի բացման ժամանակ պարզ դարձավ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով ուղևորափոխադրումներ դեռ չկան, քանի որ երկաթուղին դեռ պատրաստ չէ դրան:
10 րոպե երկաթուղային կայարանի տարածքում զբոսնելուց հետո, մենք տեսանք «Art Building Georgia» ընկերության ներկայացուցիչ Ժեժաիմ Սելիմին:
«Աշխատանքներ դեռ չեն կատարվում, նրանք դադարեցված են: Ամսվա վերջ աշխատանքները կսկսվեն, անհրաժեշտ է ավարտել կայանի ներսի բարեկարգման աշխատանքներն և երկաթգծի այլ արտաքին աշխատանքներ », – ասում է Ժեժաիմ Սելիմը:
Ախալքալաքի կայարանի ղեկավար Օմար Օսիձեի խոսքերով, հիմնական բեռը` Ղազախստանի ցորենն է:
«Բեռները գալիս են ամեն 3 օրը մեկ, կամ շաբաթը մեկ: Մենք կոնտեյներներն այլ վագոնների վրա ենք տեղափոխում կռունկի օգնությամբ, բայց սարքավորումը, որն ավտոմատ կերպով փոխում է վագոնների գիծը սովորականից եվրոպականի նույնպես աշխատում է: Սակայն կռունկով տեղափոխումը մեզ համար ավելի հեշտ է ու ավելի քիչ ժամանակ է պահանջում », ասում է Օմար Օսիձեն:
Օսիձեի խոսքերով, Ախալքալաքի կայարանի շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել: Շենքը պատրաստ է 95% -ով:
Նրա խոսքերով, կայանը ունի չորս աշխատող` տարբեր պաշտոններում:
Շուշան Շիրինյան