Արդեն մեկ շաբաթ է, ինչ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքերը դադարեցված են: Պատճառն ամիսներ շարունակ չվճարված աշխատավարձն է: «Դեմիրյոլ» ընկերությունը պարտք է երկաթգծի աշխատաողներին, ընկերությունը չի հրաժարվում վճարել, սակայն կոնկրետ ժամանակ էլ չի նշում: Գործադուլի մասնակիցները վախենում են, որ ընկերությունը Վրաստանից կհեռանա առանց իրենց աշատավարձերը տալու:

Աշխարհաբեկը 30 տարեկան է: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման հենց սկզբից զոդող է աշխատում: Նրա խոսքերով, աշխատավարձ չտալը կամ ուշացնելն իրենց համար նորություն չէ, սակայն այս անգամ իրավիճակն այլ է: Բանն այն է, որ «Դեմիրյոլ» ընկերությունը հեռանում է Վրաստանից, իսկ 4 ամիս շարունակ աշխատավաձ չստացած աշխատակիցները մտահոգ են, որ ընկերությունը կհեռանա առանց վճարելու:

«Նախկինում ևս 2-3 ամիս ուշացնում էին, բայց խնդիր չկար: Արդեն 4 ամիս է փող չեն տվել, անընդհատ բողոքի ակցիաներ ենք անում, վեճեր և այլն: Հիմա վտանգը մեծ է, որ չվճարեն: Մենք աշխատում ենք «Դեմիրյոլ» ընկերության հետ, հիմա այս ընկերության մասնաճյուղը փակվում է և հեռանում Վրաստանից, փոխարենը գալիս է թուրքական «Փոլատ» ընկերությունը: Պարզ է, որ մեզ «Փոլատը» չի վճարելու այլ ընկերության պարտքը»,- ասում է Նինոծմինդայի շրանի Ղուլալիս գյուղի բնակիչ Աշխարհաբեկ Խաչատրյանը:

Վերջինիս խոսքերով, «Դեմիրյոլ» ընկերությունն իրեն մոտավոր 6000 լարի է պարտք: Ինքը 10 անդամից բաղկացած ընտանիքի միակ աշխատող ձեռքն է: Չորս ամիս է նրա ընտանիքն ամեն օր սպասում է, որ Աշխարհաբեկը տուն կմտնի աշխատավարձով:

Ղուլալիսում Աշխարհաբեկը միակը չէ, որ սպասում է աշխատավարձի: Այս գյուղից շուրջ 8 հոգի ներգրավված է երկաթգծի շինարարական աշխատանքներում:

Վլադիմիր Արաբյանը սեփական բեռնատարով՝ քար, ավազ է տեղափոխել, օրական 80 լարիի դիմաց: Նա ևս գործադուլ է հայտարարել և արդեն 6 օր է աշխատանքի չի գնում:

«Չեն ասում՝ չենք տալիս, բայց կոնկրետ չեն էլ ասում, թե երբ կտան: Մենք վախենում ենք, որ գնան ու չտան մեր գումարը: Ես ոչ միայն իմ ժամանակն եմ ծախսել, աշխատել եմ, այլև սեփական բեռնատարս եմ ջարդել: Ինչքան կարող ես առանց գումարի աշխատել», – պատմում է Վլադիմիրը:

Նրա խոսքերով, հիմնական աշխատակիցները Մառնեուլից և Բաքվից են, հաշված թվով տեղացիներ են աշխատում: Նրանք աշխատանքի են վերցնում իրենց մարդկանց:

Ղուլալիս գյուղի բնակիչների պատմելով, տեղացի աշխատողներ կան իրենց, Գանձա և Խոսպիո գյուղերից, որոնց ընդհանուր թիվը չի գերազանցում 15-20-ը: Նրանք հիմնականում վարձատրվում են 600-1500 լարիի չափով, կախված իրականացրած աշխատանքից:

Նշենք, որ Բաքու–Թբիլիսի–Կարսը կառուցվել է ադրբեջանա–վրացա–թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա: Նախագծի իրականացումը սկսվել է 2008 թ.–ին: Նախագծի շրջանակում վերականգնվել է Վրաստանի Ախալքալաք կայարանից մինչև Կարս քաղաք հասնող երկաթգիծը: Երկաթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 826 կմ:

Աղունիկ Այվազյան