Մայիսի 15-ից ժամանակավորապես դադարեցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործումը։ Ինչպես «Эхо Кавказа»-ին հայտնել են վրացական երկաթուղուց, հատվածի ժամանակավոր փակումը պայմանավորված է դրա վերակառուցմամբ։ «Ադրբեջանական երկաթուղիներ»-ի մասնաճյուղի կողմից իրականացվող աշխատանքների ավարտի ժամկետները հայտնի չեն։
«Գնացքների երթևեկության դադարեցման պատճառը գլխավոր կապալառուի կողմից գոյություն ունեցող հատվածի շինարարության տեմպերի արագացումն է՝ նախագիծը սեղմ ժամկետներում ավարտելու նպատակով», – հայտնել են «Վրացական երկաթուղի»-ից։
Անցյալ տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղում լրացուցիչ կներդրվի ավելի քան 100 մլն դոլար։ Նրա խոսքով՝ երկաթուղու թողունակությունը կավելանա հինգ անգամ՝ մինչև հինգ միլիոն տոննա։
ԲԹԿ երկաթուղին շահագործման է հանձնվել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է Կարս-Ախալքալաք երկաթգիծը՝ 98 կմ երկարությամբ, որից 68 կմ-ը՝ Թուրքիայով, 30 կմ-ը՝ Վրաստանով, իսկ Վրաստանում իրականացվել է Ախալքալաք-Թբիլիսի 183 կմ երկարությամբ հատվածի վերակառուցումը։ Գծի վրացական հատվածի աշխատանքները ֆինանսավորել է Ադրբեջանը, որը Վրաստանին 775 մլն դոլար ընդհանուր գումարով երկու վարկ է տրամադրել։
ԲԹԿ-ի ընդհանուր երկարությունը 826 կմ է։ 2021 թվականին այս երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը կազմել է 476,9 հազար տոննա։