Միքայել Ավագյանի կինը հերքում է այն վարկածը, իբր Միքայելը մասնակցել է վրաց-աբխազական բախումներին, որովհետև այդ ժամանակ նրանք գտնվում էին Հայաստանում: Տարածված տեղեկությունները որակում է հայ-վրացական բարեկամության դեմ արված քայլ:

«Մենք 1990 թվականին Ռուսաստանից տեղափոխվել ենք Հայաստան, իսկ 1991 թվականից պաշտոնապես գրանցվել ենք Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Միքայելը «Գազպրոմում» աշխատել է որպես ավագ օպերատոր, փաստացի տվյալներ եմ ասում, որոնց իսկությունը ճշտելու համար կարող եք հարցում ուղարկել և պարզել իրականությունը: Արդեն 1992թ.-ից նա Մեղրու գնդում էր, որպես հետախուզության ջոկատի հրամանատար: Կռվել է՝ Ֆիզուլիում, Քյալբաջարում, Հադրութում, հետո Հորադիզի կամրջի գրավման ժամանակ, մարտի 4-ին զոհվել է: Միքայելը Աբխազիա չի գնացել, 92-ին մենք երեխա ենք ունեցել: Միքայելին Աբխազիայի հետ գիտեք ինչի՞ են կապում, նրա մայրը Սուխումից էր, այսինքն մանուկ տարիներին նա գնացել է իր մոր հայրական տունը», – մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց Միքայել Ավագյանի կինը՝ Մանուշակ Ավագյանը:

Տիկին Մանուշակը տարակուսած է, թե ինչու արձանի տեղադրումից ավելի քան 23 տարի անց ամուսնու կիսանդրու շուրջ նման իրադարձություններ են ծավալվում: Ըստ նրա, արձանի վերաբացումը օգտագործվում է հայ-վրացական հարաբերությունները խաթարելու համար:

«Ադրբեջանցիներն ամեն ինչ ուզում են անեն, որ խաթարեն հայ-վրացական բարեկամությունը: Սրանք սադրանք են, տհաճ է նույնիսկ հետևել ծավալվող իրադարձություններին: Սակայն մյուս կողմից ես շատ հպարտ եմ, երբ ինտերնետում կարդում եմ աշխարհի տարբեր երկրներից, Ջավախքից, երիտասարդները՝ բոլորը գրում են՝ մենք Միքայել Ավագյան ենք: Ես այնքան հպարտ եմ, այնքան շնորհակալ եմ, խոնարհվում եմ Ջավախքի երիտասարդության առաջ»,- ընդգծեց Մանուշակ Ավագյանը:

Բուղաշենում տեղադրվեց ազատամարտիկի հուշարձանը

Բուղաշենցիների հպարտությունը միջէթնիկ երկպառակության առաջացման հիմք է դարձել

Բուղաշենի հուշարձանը քննարկման թեմա է դարձել խորհրդարանում

Ադրբեջանիցները պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի կիսանդրին

Հիշեցնենք, հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացվել է արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: Ինչից հետո ադրբեջանական և վրացական մամուլում, ինպես նաև սոցցանցերում սկսեցին տարածվել հակասական տեղեկություններ Ավագյանի ինքնության մասին, իբրև վերջինս մասնակցել է Աբխազիայի պատերազմին ևս, եղել է Բաղրամյանի գումարտակի անդամ, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Աղունիկ Այվազյան