Ախալքալաքում այս տարվա հունվարից մինչ օրս գրանցվել է անօթևան շների կծելուց տուժելու 31, առնետի և կատվի մեկական դեպք։ Բնակիչների համար արդիական է մնում անօթևան կենդանիների խնդիրը:
Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում, և համապատասխանաբար՝ Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ), գրանցվել է կենդանիների կծելու 33 դեպք, սակայն անօթևան շների կողմից հարձակման ենթարկված շատ բնակիչներ բժշկական օգնության չեն դիմում։ Ախալքալաքի ՀԱԿ տնօրեն Սիրանուշ Տոնականյանի խոսքով, տուժողերը շատ ավելին են, բայց շատերն իրենց վերքերը բուժում են տնային պայմաններում։
«Հիվանդանոցում շատերը չեն պատվաստվում, քանի որ կան մարդիկ, ովքեր գումար չունեն և ի վիճակի չեն: Վերջին կծոցով հարձակումը գրանցվել է ապրիլի 15-ին, տուժել է 6-ամյա երեխա: Պատվաստանյութն անվճար է, բայց ծառայությունը վճարովի է, կոնկրետ չգիտեմ ինչքան՝ 30-39 լարի։ Հարձակման ենթարկվածների թվում են եղել մինչև 18 տարեկան 9 բնակիչներ»,- ասում է Սիրանուշ Տոնականյանը։
Թամար Թագուհու անվան փողոցի բնակչուհի Ալվինան մի քանի անգամ ենթարկվել է անօթևան շների հարձակմանը։ Բայց նա հիվանդանոց չի գնացել, այսինքն՝ նրա դեպքը վերը նշված վիճակագրությունից դուրս է։
«Արդեն 3-4 անգամ հարձակվել են, ես չեմ կարողանում փողոցով քայլել, վերջին անգամ Կեչի մոտ 3-4 շուն դուրս պրծան, նրանց միացան ևս մի քանիսը, ես պայուսակով հետ էի մղում նրանց, բախտս բերեց, որ 2 տղամարդ կար այնտեղ, եթե նրանք չլինեին, երևի ինձ կկծեին: Մեկ անգամ կծել էին, բայց չէի դիմել հիվանդանոց, ես ինքս էի մշակել վերքս: Եթե արյուն չկա, ուրեմն հիվանդանոց գնալու կարիք չկա, որքանով ես գիտեմ»,- ասաց նա։
Անօթևան շների խնդիրը ոչ միայն Ախալքալաքում, այլև ողջ Վրաստանում հրատապ խնդիրներից է։ Երկիրն ընտրել է այս հարցի կառավարման մեթոդ, որն իրեն չի արդարացնում, բայց իրավիճակը փոխելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում։ Չնայած այն հանգամանքին, որ մունիցիպալիտետից որոշակի գումար է հատկացվում այս խնդրի լուծման համար, սակայն բռնելու, ստերջացնելու և հետ վերադարձնելու մեթոդն իրեն չի արդարացնում։
Այս թեմայով կրդացեք նաև՝
Քանի՞ անգամ են կենդանիները հարձակվել մարդկանց վրա 2024 թվականին Ախալքալաքում