Այսօր՝ հուլիսի 20-ին, երեկոյան Ախալքալաքի նախկին 1-ին զինվորական ավանում շունը հարձակվել է երիտասարդի վրա և կծել վերջինիս: Հիվանդանոցում նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ Նրա վիճակը նորմալ է։ Այսօր սա նույն վայրում շների հարձակման երկրորդ դեպքն է։ Երկու տուժածների նկարագրություններով՝ կծել է նույն շունը։
Ախալքալաքում անօթևան շները հարձակվել են 43-ամյա կնոջ վրա:
«Նա հարձակվեց ինձ վրա, կծեց: Ես շոյում էի նրան, փաղաքշում էի: Ես չեմ հասկանում, թե ինչու նա կծեց: Մեծ, սպիտակ շուն էր՝ սեւ բծերով»,- պատմում է տուժած երիտասարդը։
Նրա ընկերը նշում է, որ առավոտյան տեսել է, որ նույն շունը մյուս անտուն շների հետ հարձակվել է կնոջ վրա։
«Ես արդեն վախենում եմ տուն գնալ, այս շունը պտտվում է մեր շենքի շուրջը», – ասում է նա:
Ախալքալաքի հիվանդանոցում տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վերքերը մշակվել են և սրսկել են, նաև նշանակվել է հաջորդ պատվաստումների ժամանակացույցը։
Անօթևան շների խնդիրն արդիական է արդեն երկար տարիներ։ Բնակիչները վախենում են, շները հարձակվում են: Տեղական իշխանությունները գումար են հատկացնում շներին բռնելու և ստերջացնելու համար, որոնք բուժվելուց և վերը նշված ընթացակարգերից հետո վերադարձվում են իրենց բնակավայր, սակայն այս տարի մրցույթի աշխատանքները չեն իրականացվում, քանի որ երկրորդ անգամ անցկացվելուց հետո հաղթող ընկերությունը բողոքարկել է մրցույթի պայմանները։