Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին նիստում քննարկվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղում տեղադրված Միքայել Ավագյանի հուշարձանի թեման: ԱԺ պատգամավոր Ազեր Սուլեյմանովը հարց է հղել խորհրդարանի նախագահին:
«Միասնական ազգային շարժման» անդամ Ազեր Սուլեյմանովը հարցրել և խնդրել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին հուշարձանի ապամոնտաժման համար:
«Ախալքալաքում ադրբեջանական ժողովրդի թշնամի, անջատողական Միքայել Ավագյանի հուշարձան է կանգնեցվել: Դա հասարակության մեջ լուրջ իրարանցում առաջացրեց: Սա Վրաստանի դեմ կանխամտածված սադրանք էր: Հետաքրքիր է, որ հուշարձանի բացման ժամանակ ներկա էին Ձեր կուսակից պատգամավորները, քաղաքապետերը եւ Սակրեբուլոյի նախագահները, նաև Հայաստանի դեսպանը: Հուշարձանը բացվել էր հունվարի 20-ին, երբ Ադրբեջանում սգո օր էր: Ե՞րբ կքանդվի այս հուշարձանը: Սա հասարակության շահն է եւ մեր պահանջը», – ասել է Սուլեյմանովը:
«Այս թյուրիմացությունը լուրջ անհանգստություն է ստեղծել մեզանից յուրաքանչյուրի համար», – պատասխանել է Իրակլի Կոբախիձեն` հավելելով, որ այս հարցի շուրջ խորհրդակցություններ են ընթանում:
«Իհարկե Վրաստանը հստակ դիրքորոշում ունի հարեւան երկրների հետ կապված: Մենք հարգում ենք հարեւան երկրների շահերը եւ գործում ենք համապատասխան այդ շահերի: Անհրաժեշտության դեպքում և անհրաժեշտություն կա: Մենք մեր գործընկերների հետ խորհրդակցություններ ենք անցկացնում, մենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ խորհրդակցություններ ենք անցկացնում, եւ միասին մենք այնպիսի որոշում կկայացնենք, որպեսզի մեր հարեւանությամբ պահպանենք խաղաղ իրավիճակ», – ասել է Կոբախիձեն:
2019 թվականի հունվարի 20-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղում, տեղադրվել էր Արցախյան պատերազմի ազատամարտիկի նոր հուշարձանը: 1994 թ.-ին կառուցված հին հուշարձանը վնասվել էր եւ գյուղի բարերարը, Միքայել Ավագյանի ազգականը միջոցներ էր հատկացրել՝ նոր հուշարձանի համար:
Նոր հուշարձանի բացումը տեղի ունեցավ պաշտոնական անձանց ներկայությամբ՝ ինչպես տեղական իշխանություններից, այնպես էլ դիվանագիտական կորպուսից: Տվյալ փաստը Ադրբեջանում մեծ դժգոհություն առաջացրեց: Ադրբեջանում Վրաստանի դեսպանը կանչվել էր ԱԳՆ եւ նրան բողոքի նոտա էին փոխանցել՝ այս հարցի վերաբերյալ: Վրաստանի ադրբեջանական համայնքը փետրվարի 3-ին պլանավորել էր բողոքի ցույց` պահանջով քանդել հուշարձանը, այնուհետեւ հետաձգվել էր 5-ին, սակայն ցույցը դեռևս չի անցկացվել: