Այսօր առավոտյան Ախալքալաքում մանկապարտեզները բացվել են, բացառությամբ մեկի, բայց դեռ հայտնի չէ նախադպրոցական հաստատությունները կշարունակեն աշխատել, թե ոչ:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորումն այսօր հայտարարել է բաց դռների օր, որպեսզի հաստատությունների նոր սաները ծանոթանան իրենց մանկապարտեզի հետ:

Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, այսօր պարզ կլինի մանկապարտեզները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, թե ոչ:

«Մենք տեղեկացանք, որ կառավարությունը խորհուրդ է հավաքում, որպեսզի որոշի մանկապարտեզների հետագա աշխատանքը: Եվ քանի որ դեռ տեղեկություն չունենք, կազմակերպել ենք բաց դռների օր, որպեսզի սաները և մանկապարտեզների դաստիարակները միմյանց հետ ծանոթանան: Մենք չենք հրավիրել Խուլգումո գյուղի երեխաներին, քանի որ այնտեղ կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել և չենք բացել Վաչիան գյուղի մանկապարտեզը նույն պատճառով », – ասաց Անահիտ Ասատուրյանը:

Մանկապարտեզները հրավիրել են երկուական խումբ տարբեր ժամերի, որպեսզի միաժամանակ երեխաների և ծնողների մեծ կուտակում տեղի չունենա: Այսօր մանկապարտեզներում կարճ օր է՝ առանց ճաշի:

Ըստ Անահիտ Ասատուրյանի, Ախալքալաքի մանկապարտեզները պատրաստ են աշխատել սովորական ռեժիմով:

«Եթե մենք հաստատ իմանանք, որ արդեն կարող ենք աշխատել, ապա վաղը մանկապարտեզները կկարողանան աշխատել առավոտյան 9-ից երեկոյան 18:00-ն և սնուցմամբ: Մենք արդեն պատվիրել ենք սնունդը», – ասում է նա:

Ախալքալաքի մունիցիպալիտետում կա 12 մանկապարտեզ, որոնցից 3-ը այլընտրանքային են և առանց սննդի, մնացածը` սննդով: Ընդհանուր առմամբ, այս տարի մունիցիպալիտետում նախադպրոցական հաստատություններ կհաճախեն 1100-ից փոքր-ինչ ավել երեխաներ: