Տրանսպորտի բացակայությունը Հոկամ գյուղում բազմաթիվ խնդիրներ է ստեղծում բնակչության համար: Մարդիկ հիմնականում երթևեկում են տաքսիներով կամ սեփական մեքենաներով, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացնում: Շատերը տրանսպորի բացակայության պատճառով հրաժարվում են ոչ ֆորմալ կրթություն ստանալուց։ Տարիներ շարունակ չլուծվող տրանսպորտի խնդիրը սահմանափակում է համայնքի զարգացումը։
Տրանսպորտի բացակայությունն ազդում է ամենօրյա կյանքի վրա՝ մարդկանց թողնելով աշխատանքային հնարավորություններից, ուսումից և նույնիսկ անհրաժեշտ բժշկական ծառայություններից զուրկ։ Գյուղից քաղաք հասնելու դժվարությունները բերում են սոցիալական մեկուսացման և մեծ ծախսերի, հատկապես այն ընտանիքների համար, որոնք չունեն սեփական մեքենա։
Անժելա Մալխասյանն ու քույրը ստիպված են եղել հրաժարվել քաղաքում պարի պարապմունքներից, քանի դեռ սեփական մեքենա չեն ունեցել։
«Մինչև հայրս մեքենա կգներ, ես ու քույրս ստիպված հրաժարվեցինք պարի խմբակից, քանի որ տրանսպորտ չկար։ Հիմա, երբ Թբիլիսիից գնում եմ գյուղ, մնում եմ Ախալքալաքում ու սպասում, որ հայրս գա ու ինձ տանի։ Եթե տրանսպորտ լիներ, կարող էի հեշտությամբ հասնել գյուղ», – ասում է Անժելան։
Գյուղացիները տասնամյակներ շարունակ ստիպված են եղել հարմարվել տաքսիների բարձր գներին և անհասանելի հանրային տրանսպորտին։
Հոկամից մինչև Ախալքալաք տաքսին վերցնում է 20-25 լարի։ Գյողապետի խոսքով, այնինչ պետական տրանսպորտը կարող էր աշխատել ընդամենը 5 լարի ուղեվճարով։ Եթե գիծը վերականգնվի, դա մեծ աջակցություն կլինի գյուղացիների համար։
Գյուղապետ Ուշանգի Օքրոաձեի խոսքով՝ 2024 թվականին նախատեսված էր Ախալքալաք-Օկամի-Գոգաշենի ուղղությամբ նոր տրանսպորտային գծի բացումը, սակայն գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է անսպասելի հանգամանքների պատճառով։
«Մենք հարցում ենք անցկացրել, և խորհրդի անդամները նշել են, որ ավտոբուսներից մեկը պետք է տրամադրվի մեր գյուղի համար։ Խոստացել են, որ գիծը կբացվի։ Սակայն որոշ անսպասելի իրավիճակներ ժամանակավորապես կանգնեցրել են գործընթացը։ Մեր հույսը կապում ենք քաղաքապետարանի հետ, որը պետք է հաստատի ծրագիրը 2025 թվականի բյուջեով», – ասում է գյուղապետը։
Հնազիկ Ավետիսյանը, ով ուսանողական տարիներին բախվել է տրանսպորտի խնդրին, պատմում է․
«Տանը տրանսպորտային միջոց չենք ունեցել, և երբ գյուղում դադարեցվեց տրանսպորտի աշխատանքը, մեր ընտանիքի համար շատ դժվար էր։ Ուսանողական տարիներին հիմնականում քաղաք էի հասնում կաթ հավաքող մեքենայով, ինչը վտանգավոր էր։ Եթե հանրային տրանսպորտ լիներ, ստիպված չէի լինի քաղաքում բնակարան վարձել»։
Հատկանշական է, որ հենց Հնազիկ Ավետիսյանն է 2023 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլո ներկայացրել «Բաց սահմաններ» (Jnews) կազմակերպության երիտասարդական խմբի խնդրագիրը, որը վերաբերում է քաղաքում և շրջանի գյուղերում մունիցիպալ տրանսպորտային ցանց ստեղծելուն։
Տեղական իշխանություններն այդ ժամանակ խոստացել էին, որ 2024 թվականի բյուջեից միջոցներ կհատկացնեն ավտոբուսներ գնելու համար։ Սակայն ինչ-ինչ պատճառներով միջոցների հատկացումն անընդհատ հետաձգվում էր, և միայն այս տարի՝ 2024 թվականի նոյեմբերին, քննարկումնների արդյունքում ի վերջո որոշում կայացվեց 2025 թվականի բյուջեում ներառել ավտոբուսներ գնելու գումարը։
Նախկինում՝ մինչև 2015 թվականը, Հոկամում գործել է տրանսպորտային գիծ՝ շաբաթական երկու անգամ։ Սակայն բենզինի թանկացման և բնակիչների քանակի հետ կապված այն դադարեցվել է։
«Այս խնդիրը տարիների պատմություն ունի։ Մենք հույս ունենք, որ քաղաքապետարանի աջակցությամբ տրանսպորտային գիծը կվերականգնվի։ Սա կենսական է բնակիչների համար՝ հատկապես երիտասարդների և աշխատող բնակչության համար», – նշում է գյուղապետ Ուշանգի Օքրոաձեն։
Հոկամ գյուղի բնակիչների համար տրանսպորտի բացակայությունը միայն տեղաշարժի խնդիր չէ, այլ նաև համայնքային զարգացման խոչընդոտ։ Տրանսպորտի ներդրումը կնպաստի ոչ միայն բնակիչների կյանքի որակի բարելավմանը, այլև գյուղի տնտեսական ակտիվության ավելացմանը։
Նարինե Զաքարյան