Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո(Գումբուրդո) գյուղի մանկապարտեզի շինարարները, չնայած նրան, որ, պայմանագրով իրենց պարտավորությունները չկատարելու համար տուգանք են վճարել, կրկին չեն տեղավորվում բազմիցս երկարաձգված ժամկետների մեջ։ Ինչպես պարզաբանեցին կապալառու ընկերությունում, պատճառը աշխատուժի բացակայությունն է։ Այս անգամ շինարարները խոստանում են, մինչև օգոստոսի վերջ, վերջապես, հանձնել աշխատանքները։

Երեկ՝ օգոստոսի 16-ին, Jnews-ը կրկին այցելեց Կումուրդո գյուղի մանկապարտեզի շինհրապարակ։ Տեղ-տեղ տարվում էին աշխատանքներ, ընդհանուր առմամբ, մնում է բարեկարգել բակը, ավարտին հասցնել սանհանգույցի տեղադրումը, շենքի ներսում մանր աշխատանքներ են մնացել կատարել ու իրականացնել ընդհանուր մաքրում։

mankaparnez1

Մեր այցելության պահին շենքում աշխատում էր էլեկտրիկը, որը տեղադրում էր անջատիչներն ու վարդակները, իսկ մարզադահլիճում տարվում էին հատակածածկման աշխատանքները։ Ներքին աստիճանավանդակի և բակի շինարարությունը, որը, ըստ նախագծի, պետք է ասֆալտապատվի, ավարտված չէ։

manlapartez2

Կումուրդո գյուղում մանկապարտեզի շենքը կառուցում է «Նիկա» ՍՊԸ-ը։ Ընկերությունը մանկապարտեզի կառուցման տենդերը շահել է 2020թ.-ին: Աշխատանքը պետք է հանձնվեր 2021 թվականի վերջին։ 2021 թվականի նոյեմբերից ընկերությունը դադարեցրել էր աշխատանքը, ինչի պատճառով, պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար տուգանվել էր 15 000 լարիով։ Դրանից հետո աշխատանքների հանձնման համար նոր ժամկետ էր սահմանվել՝ հունիսի վերջ։ Շինարարներն այս ժամկետում ևս չկարողացան տեղավորվել և այն տեղափոխվեց մինչև օգոստոսի 20-ը, սակայն մինչ այդ ժամկետը ևս չեն հասցնում ավարտել աշխատանքները։

2020 թվականին, մանկապարտեզի կառուցման համար, տեղական բյուջեից հատկացվել էր 400 000 լարի, իսկ 2021 թվականին՝ 633 736 լարի, նախագծի ընդհանուր գումարը կազմում էր 1 033 736 լարի։ Ընկերությունը տենդերը շահել է 1 017 000 լարիի չափով։

mankapartez1

Մարզասրահում հատակածածկման աշխատանքներն իրականացնող բանվորն ասաց, որ ինքն իր աշխատանքը կավարտի մեկ շաբաթից:

«Զենաուրի» կապալառու ընլերության աշխատանքների ղեկավար Ռոստոմ Գելաձեն ասաց, որ խնդիրներ չկան, սակայն աշխատուժի պակասի պատճառով աշխատանքների հանձնման ժամկետը կրկին հետաձգվում է:

«Իմ ժամկետը մինչև օգոստոսի 20-ն է, բայց չենք հասցնի, կվճարենք տուգանքը և աշխատանքները կշարունակենք։ Աշխատանքները կավարտենք ամսվա վերջ։ Ես արդեն պայմանավորվել եմ բակի ասֆալտապատման համար։ Պարզապես աշխատողները բոլորը տեղացի են, իսկ նրանք հիմա խոտհունձի են, դրա համար մենք չենք հասցնի, մարդ չկա», – ասաց Ռոստոմ Գելաձեն:

Նրա խոսքով, սանտեխնիկան արդեն պատվիրված է, սպասում են այս շաբաթ, հենց ստանան կսկսեն տեղադրումը։

Քաղաքապետարանը չի շտապում ընկերությանը սեւ ցուցակում ընդգրկել, որպեսզի մանկապարտեզի շինարարությունն էլ ավելի չձգձգվի։

Կումուրդոյի մանկապարտեզի շինարարությունը պետք է մինչև հունիսի վերջ ավարտվի

Կումուրդոյի մանկապարտեզի շահագործման ժամկետը կրկին երկարացվել է