Ախալքալաքի մունիցիպալիտետի 2025 թվականի բյուջեի նախագծում ներառված են «ավտոբուսների գնման» ծախսերը, որոնք կօգտագործվեն մունիցիպալիտետում հասարակական տրանսպորտի փորձնական շահագործման համար։
2025 թվականի բյուջեի նախագծում «Ավտոբուսների գնում» կետի համար հատկացվել է 500 հազար լարի։ Սակրեբուլոյի հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվել է բյուջեի նախագիծը, քաղաքապետարանի տարբեր ծառայությունների ներկայացուցիչները պարզաբանել են, որ այս գումարը նպատակաուղղված է 2-3 ավտոբուս գնելուն՝ գյուղեր մեկ ուղղությանը ծառայելու համար։ Թե կոնկրետ ինչ ուղղության մասին է խոսքը, դեռ որոշված չէ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսի 17-ին «Բաց սահմաններ» (Jnews) կազմակերպության երիտասարդական խմբից խնդրագիր էր ներկայացվել Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլո։ Խնդրագիրը քաղաքում և մունիցիպալիտետի գյուղերում քաղաքային տրանսպորտի ցանց ստեղծելու համար էր։
Սակրեբուլոյում պատգամավորները համաձայնեցին, որ, իրոք, մունիցիպալիտետին անհրաժեշտ է հասարակական տրանսպորտ, և հավանություն տվեցին մունիցիպալ տրանսպորտի ցանց ստեղծելու գաղափարին։ Սակրեբուլոյի բյուրոն հավանություն է տվել խնդրագրի գաղափարին և փաստաթուղթն ուղարկել քաղաքապետարան՝ խնդրի լուծման հնարավոր ուղիներ մշակելու համար։ Քաղաքապետարանն ըմբռնումով է ընդունել այդ միտքը, բայց նաև դրա դեմ բազմաթիվ փաստարկներ է ունեցել, այդ թվում՝ մունիցիպալիտետն ունի շատ ավելի կարևոր խնդիրներ՝ ճանապարհի, խմելու ջրի բացակայություն, և առավել ևս, որ հնարավոր չի լինելու ապահովել տրանսպորտը միանգամից բոլոր գյուղերում, ինչն իր հերթին կառաջացնի բնակչության դժգոհությունը։ Սակայն, ի վերջո, որոշում կայացվեց 200 հազար լարի հատկացնել տրանսպորտի մեկ միավոր գնելու և մեկ երթուղի գործարկելու համար, որպեսզի տեսնեն, թե ինչ արդյունք կտա: Եթե գիծը արդարացնի իրեն, տրանսպորտը կօգտագործվի մունիցիպալիտետի այլ նպատակների համար:
Դրանից հետո Jnews-ը հետևողական էր այս հարցում և քաղաքապետարանից պարբերաբար հետաքրքրվում էր, թե արդյոք հանրային տրանսպորտի ապահովման հարցը ներառվելու է 2024 թվականի բյուջեում, ինչին դրական պատասխան էր ստացել։ Չնայած այն հանգամանքին, որ անցյալ 2023 թվականին Ախալքալաքի քաղաքապետարանը խոստացել էր դիտարկել Ախալցիխեի մունիցիպալիտետի նման քաղաքային հասարակական տրանսպորտի ստեղծման տարբերակը, այդ կետը չէր ներառվել 2024 թվականի բյուջեում։ Քաղաքապետարանը պատճառաբանել էր, որ խոստումը կիրականացվի 2024 թվականի ընթացքում՝ բյուջեի փոփոխությունների կամ դրամաշնորհների միջոցով համաֆինանսավորման հնարավորության դեպքում։ Արդյունքում 2025 թվականի բյուջեում հայտնվեց «ավտոբուսների գնում» կետը, և ավելի շատ միջոցներ հատկացվեցին, քան ենթադրվում էր անել նախորդ տարի։
Հարկ է նշել, որ մունիցիպալ տրանսպորտի խնդիրը հատկապես սրվում է խոպանի սեզոնին, երբ տղամարդիկ մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ տաքսի ծառայությունները շատ թանկ են։