Այսօր՝ հունիսի 15-ին, Ախալքալաքի քաղաքապետարանում քննարկել են տեղի բնակչության խնդրագիրը՝ քաղաքում և գյուղերում քաղաքային տրանսպորտի ցանց ստեղծելու վերաբերյալ։ Քաղաքապետարանը հաջորդ տարի որոշել է փորձնական նպատակով հասարակական տրանսպորտի մեկ գիծ ստեղծել։
Մայիսի 17-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլո է ներկայացվել «Բաց սահմաններ» (Jnews) կազմակերպության երիտասարդական խմբի կողմից խնդրագիր, որի հեղինակը Հնազիկ Ավետիսյանն էր։ Խնդրագիրը վերաբերում էր քաղաքում և շրջանի գյուղերում մունիցիպալ տրանսպորտային ցանց ստեղծելուն։
Մայիսի 18-ին տեղի ունեցավ Սակրեբուլոյի բյուրոյի նիստը, որտեղ պատգամավորները քննարկեցին խնդրագիրը։ Բոլորը համակարծիք էին, որ, իրոք, մունիցիպալիտետը հասարակական տրանսպորտի կարիք ունի, և հավանություն տվեցին մունիցիպալ տրանսպորտի ցանց ստեղծելու գաղափարին։ Հանդիպմանը խոսվեց նաև Ախալցիխեի մունիցիպալիտետի փորձի մասին, որն այժմ զբաղվում է նման ցանցի ստեղծմամբ։ Սակրեբուլոյի բյուրոն հավանություն է տվել խնդրագրի գաղափարին և փաստաթուղթն ուղարկել քաղաքապետարան՝ խնդրի լուծման հնարավոր ուղիներ մշակելու համար։
Այսօր՝ հունիսի 15-ին, խնդրագրի քննարկմանը ներկա էին Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, պատգամավորներ Սեդա Մելքումյանը և Սողոմոն Ասլանյանը, նաև Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, նրա երկու տեղակալներ Մկրտիչ Մղդեսյանը և Թեյմուրազ Մճեդլիձեն, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի պետ Մնացական Փամբուխչյանը, ինչպես նաև «Բաց սահմաններ» ՀԿ-ի հիմնադիրներից մեկը (Jnews):
Երկար քննարկումներից հետո, որի ընթացքում բերվեցին փաստարկներ, որ մունիցիպալիտետում կան շատ ավելի կարևոր խնդիրներ՝ ճանապարհների և խմելու ջրի բացակայությունը։ Քաղաքապետարանի ներկայացուցիչներին անհանգստացնում էր այն, որ հնարավոր չի լինի միանգամից բոլոր գյուղերին տրանսպորտով ապահովել, ինչն իր հերթին կառաջացնի բնակչության դժգոհությունը։ Դժվար է լինելու նաև հասարակական տրանսպորտը կարգավորելը:
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը ներկաներին տեղեկացրեց, որ ստորագրահավաքի գաղափարը շատ հետաքրքիր է և կարևոր։ Քանի որ ինքը գյուղում է ապրում, հիանալի հասկանում է գյուղերի բնակչության համար հասարակական տրանսպորտի անհրաժեշտությունը։ Նա նաև նշեց, որ անհրաժեշտ է միջազգային դոնորների աջակցությունը նման հարցերում, քանի որ մունիցիպալ բյուջեն մեծածավալ ծրագրերի համար բավարար չէ։ Սակայն քննարկման արդյունքում կոնկրետ որոշում կայացվեց:
«Թեստավորման համար մենք կունենանք մեկ տրանսպորտ, որ հասկանանք՝ կաշխատի, թե ոչ, եթե որպես հասարակական տրանսպորտ չաշխատի, ապա այս տրանսպորտը կարող ենք օգտագործել մեր մունիցիպալիտետի կարիքների համար: Հետևաբար հաջորդ տարվա բյուջեում կնախատեսենք 200 հազար լարի դրա համար։ Մենք եթե կարողանանք մասնակցել դրամաշնորհային ծրագրերին, և մեզ օգնեն, լավ կլինի, եթե ոչ, ապա մենք մեր միջոցներով տրանսպորտ կգնենք: Մենք այս հարցում նաև կուսումնասիրենք հարևան մունիցիպալիտետների փորձը, որոնք արդեն իսկ իրականացնում են նմանատիպ ծրագրեր և, թե ինչպիսի կարգավորումներ ունեն նրանք»,- մեկնաբանեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։