Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում կան շատ խնդիրներ, գյուղացիները դադարել են հույսը դնել պետական օժանդակության վրա, և յուրաքանչյուրը փորձում է ինքը լուծել իր խնդիրները:

Աշխարհագրական դիրքով Ղուլալիս գյուղը գտնվում է Ախալքալաքին ավելի մոտ, քան Նինոծմինդային, այդ իսկ պատճառով բնակիչներն ավելի շատ օգտվում են Ախալքալաքի շուկայից և խանութներից, քան Նինոծմինդայի: Անգամ երեխաներին են տանում Ախալքալաքի մանկապարտեզներ:

Ղուլալիս գյուղը սովորական գյուղ է՝ իր խնդիրներով, գյուղական կենցաղով և 110 տնտեսությամբ: Օրը ամպամած էր, ուստի գյուղի կենտրոնում, այսպես կոչված իշակմեյդանում, մարդաշատ էր: Մեր բախտը բերեց, քանի որ այս շրջանում գյուղում դժվար է մարդկ գտնել, բոլորը զբաղված են: Հիմա խոտհնձի և ոռոգման սեզոնն է, այնուհետև կսկսվի հացահատկեղենի բերքահավաքը…

kulalis2

Սերժիկ Նալբանդյանն ասում է, որ խոստացել էին այս տարի գյուղում մանկապարտեզ կառուցել և բարեկարգել գյուղի ճանապարհը, բայց ոչ մեկն են իրականացրել, ոչ էլ մյուսը:

«Թոռներիս տանում ենք Ախալքալաքի մանկապարտեզ, դժվար է, հարևան գյուղերում մանկապարտեզ կա, միայն մենք չունենք: Գարնանն ասացին, որ իբր մանկապարտեզի կառուցման համար հատկացվել է 80 000 լարի: Խոստանում են, բայց ոչինչ չեն անում», – ասում է Սերժիկ Նալբանդյանը:

Ըստ գյուղացիների, գյուղում նախադպրոցական տարիքի 30-ից 35 երեխա կա:

kulalis3

Գյուղից շատ քչերն են խոպան գնում: Այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ: Գյուղացիներին անհանգստացնում է խոտի գինը:

«Ապրում եմ գյուղում, բայց չեմ կարող նույնիսկ երեք կով պահել, դուք դա պատկերացնում եք: Մեկ տուկն արժե 10 լարի, ես պետք է մի կով վաճառեմ, որ խոտը բավականացնի: Ամեն ինչ թանկացել է, բացի մեր արտադրանքից: Պետությունը չի օգնում մեզ: Լավ է, որ գոնե կարողանում ենք կաթը վաճառել, չնայած՝ էժան, բայց դրա շնորհիվ ենք մենք մեր գոյությունը պահպանում», – դժգոհում է գյուղի բնակիչը:

Գյուղացիներն ասում են, որ ամեն ինչ թանկանում է, բացի իրենց կարտոֆիլից, կաթից, պանրից …

«Նրանք մեր կարտոֆիլը գնեցին 20 թեթրիով, բայց շուկայում խնձորը վաճառում են 10 լարիով, այն գնել են 1 լարիով, ոչ ոք չի ասում, թե որքան տոկոս կարելի է ավելացնել, իսկ մեր կարտոֆիլն այնպես են անում, որ չկարողանանք վաճառել», – ասում է Սամսոն Պետրոսյանը:

Գյուղն ապահովված է բնական գազով, կա նաև խմելու ջուր, չնայած ամռանը կարող են ընդհատումներ լինել, բայց գյուղացիները դրան ընկալմամբ են մոտենում: Նրանք չունեն ոռոգման ջուր:

Արմեն Խաչատրյանի խոսքով՝ հինգ տարի առաջ իրենք ցանկանում էին ոռոգման ջուրն անցկացնել ՕԳԾ-ի միջոցներով:

«Ասացին, որ մենք ծրագիր ունենք, այս ծրագրով ոռոգման ջուրը կհասցնենք մինչև գյուղ, դուք ՕԳԾ-ի միջոցները ծախսեք այլ բանի վրա: Արդեն մի քանի տարի է անցել, ոչինչ չի արվել, ասում են, բայց չեն անում»,- ասում է Արմեն Խաչատրյանը:

Արմեն Խաչատրյանը հինգ կով ունի, խոտ գնում է գյուղից: Նա կարծում է, որ իզուր է աշխատում, կով պահում, դա եկամտաբեր չէ:

«Մեկ կովի համար ես ծախսում եմ 1000 լարի, ու կաթը վաճառում եմ 1000 լարիի: Մենք չենք կարող կաթի գինը թանկացնել, դա պետք է անի պետությունը, պանիրն արժե 12 լարի, որքանով կարող է գնել արտադրողը: Ես չեմ հանձնում, մյուսն է վաճառում: Պետությունը պետք է սուբսիդավորի»,- ասում է Արմեն Խաչատրյանը:

Գյուղացիների խոսքերով, եթե իրավիճակն այսպես շարունակվի, մի քանի տարի հետո նրանք կվերադառնան սուղ իննսունականներ:

Գյուղացիները հույսները չեն դնում նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վրա, որն անցնում է իրենց գյուղով, շինարարությունն էլ իրականացվում է նրանցից ոչ հեռու: Նրանց կարծիքով, ընդհակառակը, երկաթգծի կառուցումը լրացուցիչ խնդիրներ է ստեղծել:

«Չենք կարող բողոքել, սա պետական ծրագիր է, մենք ոչինչ չենք կարող անել: Վերցրել են մեր լավ հողերը, ցանքատարածությունները, արոտավայրերը և այժմ չենք կարող նույնիսկ գյուղատնտեսությամբ զբաղվել: Խոտ չկա, հողերը խլել են: Ենթադրենք փոխհատուցում տան, թեև ոչ բոլորին, բայց գյուղացիներն առանց հողի ինչ անեն գյուղում: Վերջերս 50 հա արոտավայր են վերցրել և օգտագործում են, իսկ մենք արոտավայրեր չունենք, որպեսզի անասունների համար խոտ հնձենք», – ասում է Արմեն Խաչատրյանը:

kulalis4

Գյուղում երիտասարդների համար հանգստատեղեր չկան, կա մեկ մինի մարզադաշտ, բայց ըստ Արտոմ Մանվելյանի, այնտեղ միայն ցանկապատերն են, ներսում ոչինչ չկա, իսկ հատակը քարքարոտ է, ոչնչով ծածկված չէ:

Այս տարի ՕԳԾ-ով նախատեսված 16000 լարին գյուղը կծախսի գյուղի լուսավորության վրա, աշխատանքները դեռևս չեն սկսվել: