Այս տարի բնությունն արդեն երկրորդ լուրջ հարվածն է հասցնում Նինոծմինդայի մունիցիպալիտետի ցանքատարածություններին՝ նախ կարկուտ, հիմա էլ ցրտահարություն, – գրում է ռադիո Nor-ը։
Հուլիսի 25-ի գիշերը ուժեղ ցրտահարություն է եղել, որը վնասել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի կարտոֆիլի դաշտերը։
Ինչպես ասում են բնակիչները, սա շատ վատ կանդրադառնա կարտոֆիլի բերքատվության վրա։ Մինչ այս լուրջ վնաս էր հասցրել կարկուտը, հիմա էլ ցրտահարություն, հիմա արդեն ոչ մի բան չի օգնի:
Այժմ Նինոծմինդայի մունիցիպալիտետի դաշտերում ըստ տեղանքի տարբեր բերքատվություն է սպասվում՝ կան տնտեսություններ, որոնք գրեթե չեն տուժել բնության քմահաճույքներից, բայց կան դաշտեր, որոնք լուրջ վնաս են կրել:
Գյուղատնտեսության ոլորտի մասնագետները ֆերմերներին խորհուրդ են տալիս սպասել 1-2 օր, իսկ հետո բերքի մի մասը պահպանելու համար դաշտերը մշակել ֆունգիցիդներով, միկրոտարրերով և խթանիչներով։