Նոյեմբերի 18-ից 20-ը Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղ էին հյուրընկալվել Ախալցիխեի և Ասպինձայի շրջանների գյուղերի 15 աշակերտ։

Ծրագիրը կազմակերպվել էր «Ապագայի սերունդ» կազմակերպության և Ախալցիխեի երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է փորձի փոխանակում, համագործակցություն և մասնակիցների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդում։

xulgumo

Եռօրյա այցի շրջանակներում կազմակերպվել են տարբեր միջոցառումներ, սեմինար-հանդիպումներ, խաղեր և բանավեճեր, որոնք հիմնված են եղել ընկերասիրության ու բարեկամասիրության վրա։

«Անցած 3 օրերը այնքան հագեցած էին և այնքան հաճելի, որ մեծ սիրով հնարավորության դեպքում կրկին կկազմակերպենք նման հանդիպում։ Մեր աշակերտներն էլ էին շատ ուրախ ու ոգևորված»,- ասաց Խուլգումոյի «Գիտունիկներ» խմբի ղեկավար Աննա Պետրոսյանը։

Խուլգումոյի «Գիտունիկներ» խմբի անդամները և մանկավարժական կոլեկտիվը մեծ սիրով իրենց ընտանիքներ են հյուրընկալել Ախալցիխեի և Ասպինձայի աշակերտներին, ովքեր երեք օրվա ընթացքում ոչ միայն ձեռք են բերել լավ ընկերներ, այլ ծանոթացել հային բնորոշ հյուրասիրությանն ու հյուրին պատվելու կանոններին։

dd

Ծրագիրը բավականին ոգևորել էր նաև Խուլգումոյի աշակերտներին, ովքեր հաճախ են կազմակերպում տարատեսակ միջոցառումներ, որոնք ոչ միայն նպաստում են մասնակիցների ակտիվ կենցաղին, այլ նաև թույլ են տալիս նրանց շփվել, ծանոթանալ ու գնահատել օտար մշակույթը, պատմությունը և սովորույթները։

xulgumo2

«Մենք մի այսպիսի խաղ կազմակերպեցինք, որ մասնակիցները գծում էին իրենց շրջանակները և այդ շրջանակի մեջ տեղավորում հնարավորինս շատ մարդ։ Դրանից հետո նրանք ստանում էին տարբեր հրահանգներ, որոնք դժվարեցնում էին շրջանակում գտնվելը, սակայն նրանք միայն ու միայն համախմբվածության շնորհիվ կարողացան հաղթահարել այդ խաղի կանոնները»,- պատմեց Խուլգումոյի դպրոցի մանկավարժ Մարետա Դուլխանյանը։

xulgumo4

«Մենք շփվում էինք միմյանց հետ, ճանաչում մեկս մյուսիս ու փոխանակվում մեր իմացածներով, եթե հնարավորություն լինի, ես էլ մեծ սիրով կգնամ նրանց մոտ»,- ասաց 15 տարեկան Ասյա Եփրիկյանը, ով սովորում է 10-րդ դասարանում։

«Մենք միմյանց հետ խոսում ենք վրացերեն, ճիշտ է վրացերենի իմացության հիմքը դպրոցից ենք վերցրել, բայց վրացիների հետ շփումը նպաստում է վրաց լեզվի իմացությանը»,- ասաց 10-րդ դասարանի աշակերտուհի Սոնան։

xulgumo1
Գոյություն ունեցող տեսակետը, ըստ որի գյուղերում երիտասարդները չունեն զբաղմունք կարելի է հերքել հենց այս օրինակով: Չնայած Խուլգումոյում այս միջոցառումները անցկացվում են դպրոցի շրջանակներում, սակայն ցանկության դեպքում ցանկացած այլ վայրում հնարավոր է մտածել և կազմակերպել այնպիսի ծրագրեր, որոնք ոչ միայն կլրացնեն օրվա ազատ ժամանակը, այլ նաև կնպաստեն երիտասարդների զարգացմանն ու տեղեկացվածությանը։

Ջուլիետա Տոնականյան