Ախալքալաքի շրջանում այս տարի կա 509 շրջանավարտ, որոնցից 187-ը չեն կարողացել հանձնել քննությունները:

Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի շրջանում ավարտական քննություններին մասնակցել է 802 շրջանավարտ, այդ թվում են նաև անցած տարիներին կտրվածները: Նրանցից 384-ը կտրվել է:

Ախալքալաքի շրջանում այս տարի, ըստ Ռեսուրս կենտրոնի տեղեկատվության, ամենից շատ կտրվել են մաթեմատիկայից: Ախալքալաքի շրջանի Կրթության Ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը համարում է, որ քննությունների այս տարվա ընդհանուր արդյունքներն ավելի լավ են նախորդ տարվա համեմատ:

Շրջանավարտը, ով չցանկացավ որ հրապարակենք իր անունը, ասաց, որ քնությունները չի կարողացել հանձնել երեք առարկաներից՝ վրացերեն, մաթեմատիկա և քիմիա: Այն հարցին, թե ինչն էր պատճառը, նա ասաց, որ դպրոցում լավ չի սովորել, ուստի չի կարողացել պատասխանել հարցերին:

Ավարտական Դավիթ Կարապետյանը կարծում է, որ եթե գիտելիք ունես չպետք է վախենաս: Նա մի քիչ անհանգստանում էր անգլերենի և վրացերենի համար, սակայն դրանք ևս հաջող հանձնել է:

«Ինձ համար հեշտ էր հանձնել մաթեմատիկան: Մաթեմատիկայից մեր դպրոցում ոչ ոք չի կտրվել: Ընդհանուր առմամբ, քննությունը շատ խիստ անցավ: Երեք նկատողություն եմ ստացել », – ասաց Դավիթ Կարապետյանը:

Քննությունների ընթացքում դիտորդների խստության մասին խոսում են ինչպես աշակերտներն, այնպես էլ ուսուցիչները:

Շուշան Շիրինյան