Հայաստանի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը առաջիկայում նախատեսում է հանդիպել վրաց գործընկերոջ Միխեիլ Բատիաշվիլու հետ: Այս մասին նախարարը հայտնել է Վրաստանի Առաջին ալիքին: Հարությունյանի խոսքով, հանդիպմանը խոսքը վերաբերելու է Վրաստանում գործող հայկական դպրոցներում հայոց լեզվի և պատմության ուսուցանմանը:
Նախարարը մասնավորապես նշել է. «Խնդիրներ կան հայոց լեզվի, պատմության ուսուցանման հետ կապված: Ինչպես նաև ունենք տարբեր իրադարձությունների մեկնաբանման հետ կապված խնդիր: Աշխատում ենք այս ուղղությամբ: Շատ բարդ է մատակարարել հայկական դասագրքեր, Վրաստանի կրթության նախարարությունը այդ ուղղությամբ իրականացնում է հսկողություն: Նախկին նախարարի հետ այս թեմայով ունեցել ենք որոշակի համաձայնություններ: Նոր նախարարի հետ հավանաբար պետք է նորից սկսենք այս հարցերի քննարկումը»:
Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ վաղը ընդունելու է Հայաստանում Վրաստանի դեսպանին, որտեղ քննարկվելու է նախարարների միջև հանդիպման մանրամասները:
Հայաստանի կրթության նախարարի հայտարարությամբ, իր համար հետաքրքիր են Վրաստանում կրթության բարեփոխման առանձին բաղադրիչներ, որի առնչությամբ զրույց է ունեցել նախկին նախարար Միխեիլ Չխենկելիի և նախարարի տեղակալ Լիա Գիգաուրիի հետ: