Չնայած այն հանգամանքին, որ Վաչիան գյուղից Քաչոտյանների ընտանիքի չորս անդամներին սպանության գործով մեղադրյալը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, բայց Սամցխե-Ջավախքի Շրջանային դատախազությունում կարծում են, որ հանցագործը միայնակ չի գործել, և հանցակիցներ ունի:

Այսօր Ախալցիխեի Շրջանային դատարանում վերանայվում էր Քաչոտյանների ընտանիքի չորս անդամների սպանության գործով մեղադրյալի խափանման միջոցը: Այս մասին հաղորդում է sknews.ge լրատվականը: Դատաքննության ընթացքում դատախազ Մամուկա Կոմոշվիլին խնդրեց մեղադրյալի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

«Հետաքննությունն աշխատում է այն տարբերակի վրա, որ նա միայնակ չի գործել, և ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է ազդել վկաների վրա, որպեսզի նրանք ցուցմունք տան իր օգտին», – բացատրել է դատախազը:

Դատարանը բավարարել է դատախազի պահանջը: Նոդար Ակոպովը մեղադրվում է սպանություն ծանրացնող հանգամանքներում հանցանքի մեջ, որը որպես պատիժը նախատեսում է 16-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում:

Մեղադրյալին պաշտպանում է պետության կողմից ներկայացված փաստաբան Տարիել Բալաբանիշվիլին: Պաշտպանող կողմը չի բողոքարկել դատախազի որոշումը:

Դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 31-ին, ժամը 14:00-ին:

Հուլիսի 10-ի գիշերը, Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում սեփական տանը սպանվել են Քաչոտյանների ընտանիքի չորս անդամները: Սպանությունից հետո, երկրորդ օրը ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալ Նոդար Ակոպովին, ով խոստովանել է իր կատարած հանցանքը: