Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի Սամցխե-Ջավախք կատարած աշխատանքային այցի և ընթացքում ձեռքբերած պայմանավորվածությունների մասին այսօր դեսպանությունը հրապարակեց տեղեկատվություն:

Ըստ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջի տեղեկատվության, այցի շրջանակներում դեսպան Վարդանյանը հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեի հետ:

«Դա ՀՀ դեսպանի և Սամցխե-Ջավախքի նահանգապետի թվով երկրորդ հանդիպումն էր այն տհաճ միջադեպից հետո, որը տեղի է ունեցել ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև ս.թ. ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը, Ախալցիխեում: Միջադեպը և դրան հաջորդած տեղական ոստիկանության աշխատակիցների վարմունքը հայ երիտասարդների նկատմամբ հանդիսացել են հանդիպմանը քննարկած հիմնական թեմաները: Դեսպան Վարդանյանը փոխանցել է նահանգապետին իր մտահոգությունները՝ կապված այդ անախորժ պատմության հետ և հույս հայտնել, որ այն արդարացի հանգուցալուծում կունենա:

Մաճուտաձեն ՀՀ դեսպանին վստահեցրել է, որ կշարունակի իր անմիջական ուշադրության ներքո պահել միջադեպի առնչությամբ հարուցված երկու քրեական գործերի ընթացքը և դեսպանին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի դրա վերաբերյալ:
Զրուցակիցները ևս մեկ անգամ վերահաստատել են հայ-վրացական դարավոր եղբայրական հարաբերությունների անքակտելիությունը և համոզմունք հայտնել, որ այս դեպքն ստվեր չի գցի երկու բարեկամ ժողովուրդների փոխհարաբերությունների վրա:

Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են արտահայտել, որ հետաքննությունը կբացահայտի մեղավորներին և նրանք կպատժվեն գործող օրենքին համապատասխան: Բացի այդ, ՀՀ դեսպանը և նահանգապետը ձեռք են բերել պայմանավորվածություն, որ այսուհետ ջավախահայերի կողմից կազմակերպվող համանման միջոցառումների ժամանակ տեղական իշխանությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, որպեսզի տհաճ միջադեպերը չկրկնվեն»,- կարդում ենք պաշտոնական տեղեկատվությունում:

Այցի շրջանակներում դեսպան Յուրի Վարդանայնը այցելել է նաև Ախալքալաք, որտեղ հանդիպում է ունեցել տեղական և կենտրոնական իշխանության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ջավախահայությանը հուզող «հարցերի լայն շրջանակ»:

Անդրադարձ է կատարվել ապրիլի 23-ի դեպքերին: Դեսպան Վարդանյանը ներկայացրել է այս կապակցությամբ իր ունեցած հանդիպումների և հեռախոսազրույցների որոշ մանրամասները:

Ախալքալաքում գտնվելիս, դեսպանը այցելել է նաև Սուրբ Խաչ եկեղեցի: