Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանն իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին:
Նոյեմբերի 29-ին, հավատարմագրերի հանձնմանը հաջորդած առանձնազրույցում Վրաստանի նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նախագահը դեսպանին հաջողություն է մաղթել և հույս հայտնել, որ Սադոյանն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ-վրացական հարաբերություններում:
Վրաստանի նախագահը նաև իր շնորհավորանքներն է փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:
Մարգվելաշվիլին իր խոսքում գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների միջև գոյություն ունեն ակտիվ քաղաքական երկխոսություն, բարձր մակարդակի ինտենսիվ շփումներ և փոխայցելություններ:
Նախագահ Մարգվելաշվիլին և ՀՀ դեսպանը համակարծիք էին, որ վերընթաց զարգացող հայ-վրացական հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն:
Նույն օրը Վրաստանի ԱԳՆ-ում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն էր հանձնել Վրաստանի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանիին:
Դավիդ Զալկալիանին գոհունակությամբ նշել է, որ վրացական կողմն ուրախ է, որ Վրաստանում տարեցտարի աճում է հայ զբոսաշրջիկների թիվը:
Իր հերթին դեսպան Սադոյանն ավելացրել է, որ կարևոր է, որպեսզի վրացի զբոսաշրջիկների թիվը դեպի Հայաստան ևս աճի՝ վստահեցնելով, որ իր պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք կկատարի:
Տեղեկությունը Հայաստանի Արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունից: