«Բազմերանգ Վրաստան» նախագծի շրջանակներում, մայիսի 3-ից Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը կսկսի հայերեն և ադրբեջաներեն լեզուներով ռադիո-հեռուստատեսային հաղորդումների առցանց թողարկումը:
Մայիսի 3-ին, ժամը 15։00-ին, Հանրային հեռուստաընկերությունում կկայանա «Բազմերանգ Վրաստան» նախագծի և նշված նախագծի շրջանակներում պատրաստված հայկական և ադրբեջանական առցանց ռադիո-հեռուստատեսության առաջին եթերի շնորհանդեսը։
Առցանց ռադիո-հեռուստատեսությունը կհեռարձակվի ուղիղ եթերով 12 ժամվա ընթացքում 1tv.ge-ով։
«Բազմերանգ Վրաստան» նախագծի շրջանակներում կպատրաստվի՝ «Մոամբեն» հայերեն և ադրբեջաներեն լեզուներով։
Նախագծի նպատակն է Վրաստանի ազգային փոքրամասնություններին իրազեկել իրենց համար հասկանալի լեզվով, աջակցել ինտեգրման գործընթացին, բարձրացնել քաղաքացիական գիտակցության մակարդակը: Ինչպես նաև նրանց ներգրավել հանրային հեռուստաընկերության առօրյա գործունեությանը:
Նախագծի շրջանակներում տարբեր լեզուներով կպատրաստվեն վավերագրական նյութեր Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մասին։ Նշված նյութերը կտարածվեն ինչպես հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքով՝ վրացերեն, այնպես էլ կայքէջում՝ համապատասխան լեզուներով։ Նախագիծը նախատեսում է ժամանցային և ճանաչողական հաղորդումներ, որոնք Առաջին ալիքի եթերում կտեղադրվեն վրացերեն և հանրային հեռուսաընկերության կայքէջում համապատասխան լեզուներով։
Նախագիծը նախատեսում է նաև հանրային հեռուստաընկերության մեդիա արտադրանքի թարգմանություն ազգային փոքրամասնությունների լեզուներով:
«Բազմերանգ Վրաստան» ծրագրի շրջանակներում ստեղծվել է Վրաստանի հանրային հեռուստաընկերության ազգային և կրոնական փոքրամասնությունների հոգաբարձական խորհուրդ, որի կազմում են Վրաստանում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները։