Մարտի 27-ին, Ջավախքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը։

Տոնի առթիվ Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սբ. Պատարագ: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տոնական օրվա պատարագիչը՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանն էր:
zatik1

Ջավախքում Սուրբ Զատիկն ամենասիրված եկեղեցական տոներից մեկն է: Այն նշվել է նույնիսկ խորհրդային տարիներին:

Յուրաքանչյուր գյուղում Զատիկը յուրովի են նշում: Օրինակ. Վարևան գյուղի բնակիչները հետաքրքիր ժողովրդական ծես ունեն: Ամեն տարի Սբ Հարության գիշերը Վարևանի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները տնետուն շրջում և երգում՝ «Մեզի և Ձեզի Մեծ Ավետիս: Արթուն կացեք, զարթուն կացեք, ով քրիստոնյա ժամ հրամեցեք: Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Երիտասարդները այնքան են երգում դռան դիմաց կանգնած մինչև որ ներսից պատասխան են ստանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

Այսպես շարունակ երիտասարդները գյուղում ոչ մի տուն բաց չեն թողնում մինչև լուսաբաց: Առավոտյան նորից են անցնում տնետուն, այս անգամ արդեն հավկիթ, մոմ և փող են հավաքում, որն այնուհետև վաճառում են քաղաքում: Հավաքված գումարով ավարտական դասարանի աշակերտները գյուղի եկեղեցուն թանկարժեք նվեր են գնում և դասարանով քեֆ անում: Իսկ, եթե տանտերը երիտասարդներին ձեռնունայն է ճանապարհում, ապա սա անպատասխան չի մնում: Երիտասարդները գիշերով, թաքուն անպայման մի վնաս հասցնում են այդ տանը: Օր. կարող են տան պատուհանը ջարդել կամ ցանկապատը գողանալ: Ըստ գյուղում տարիներով ձևավորված սովորության տանտերը չի նեղանում երիտասարդների արարքից:

Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական Եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը, որն ընկած է մարտի 22-ից ապրիլի 26 հատվածում:
zatik3

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Տոնին առնչվող արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում՝ երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի Հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած՝ յոթ շաբաթ տևած Մեծ Պահքի շրջանը։

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: Զատկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել: «Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից, զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
zatik2

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Աղունիկ Այվազյան