ԽՍՀՄ փլուզումից հետո կենսաթոշակն ավելացավ 8 լարիից հասնելով մինչև 200-ի, բարձրալեռ շրջանների թոշակառուները, որտեղ ներառվում է և Ջավախքը, օգտվելով բարձրալեռ նպաստներից, ստանում են 40 լարիով ավելի` 240 լարի: Այնուամենայնիվ, կենսաթոշակը, որն ավելին է Վրաստանի կենսապահովման նվազագույնից, կրկին բավարար չէ:

Արծվիկ Աբաջյանը բնակվում է Կիրովական (Զրես) գյուղում: 82 տարեկան է: Նա չունի ընտանիք, երեխաներ, ամուսինը մահացել է վերջերս: Չունի և հարազատներ, որոնք նրան կօգնեին: Արզու տատը, ինչպես նրան անվանում են գյուղում, ապրում է թոշակով, առողջական խնդիրների պատճառով գյուղատնտեսությամբ չի զբաղվում, չունի՝ ոչ կարտոֆիլ, ոչ սոխ, ոչ էլ կաթ ու կարագ:

«Ի՞նչ եք կարծում կենսաթոշակը բավարար է: Ես չեմ կարող որևէ բան տնկել և հավաքել: Օրենքով ինձ նմաններին պետք է նպաստ տան: Ես առողջություն չունեմ, տեսողություն չունեմ, հազիվ եմ քայլում: Ես 82 տարեկան եմ: Ամռանը գազի համար քիչ եմ վճարում: Ձմռանը գազի վառարանը ծախսում է 150-180 լարիի գազ: Դրանից հետո ի՞նչ է մնում: Ուրեմն ես ուտել չեմ ուզո՞ւմ: Ես ոչ պանիր, ոչ կաթ, ոչ էլ տնական յուղ չունեմ, ամեն ինչ գնում եմ: Ինչպե՞ս կարող եմ գոյատևել, ասացեք: Ես նաև հացն եմ գնում, դեղորայք, իսկ հագուստ կարկատում եմ կամ գնում եմ այն մի քանի տարին մեկ անգամ», – պատմում է նա:

Arzu tatik

Արծվիկ Աբաջյան, 82 տարեկան, գյուղ Կիրովական

«Արդյո՞ք մեզ բավարարում է կենսաթոշակը: Օ՜, դեռ մնում էլ է», – ծիծաղում են թոշակառուները, ովքեր հավաքվել և զրուցում են Ախալքալաքի քաղաքային զբոսայգում գտնվող տաղավարում:

Ըստ ժողովրդագրական և սոցիալական վիճակագրության ոլորտում ՄԱԿ-ի վիճակագրության դեպարտամենտի, Վրաստանում բնակվում է 64 տարեկանից բարձր 613,878 բնակիչ, որոնցից 244 541-ը տղամարդիկ են, իսկ 369 298-ը` կանայք: Վրաստանում կանայք թոշակի են անցնում 60 տարեկանից, իսկ տղամարդիկ՝ 65:

Ամեն տարի կենսաթոշակը որոշակի չափով բարձրանում է, ահա և 2020-ին կառավարությունը խոստանում է այն բարձրացնել 20 լարիով: Այնուամենայնիվ, գնաճի պատճառով յուրաքանչյուր նպաստի հետ միասին բարձրանում են գները, թանկանում է ամեն ինչ՝ կոմունալ ծախսերից մինչև դեղերորայք ու սննդամթերք:

pensyaneri

Արագվա գյուղի բնակիչները

Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրության ծառայության տվյալների, 2018 թվականի նոյեմբերին Վրաստանում կենսապահովման նվազագույնը աշխատունակ տղամարդու համար կազմել է 174,3 լարի: Այդտեղից 121.7 լարին նախատեսված է սննդի համար, իսկ մնացածը` հիգիենայի և առաջնային անհրաժեշտության պարագաների՝ դեղերի, հագուստի, փոխադրումների և կոմունալ ծառայությունների համար: Սննդի զամբյուղը ներառում է 40 ապրանքատեսակ:

Ըստ հավաքված թոշակառուների, շատ բաների համար, այդ թվում` հագուստի, նվերների, եթե նրանց ծննդյան տարեդարձի հրավիրեն կամ հարազատների ու բարեկամների մահվան դեպքում կենսաթոշակը բավարար չէ:

«Մի կիլոգրամ միսն արժե 18-20 լարի: Այլևս ոչինչ չկա ավելացնելու: Մենք միս չե՞նք ուտելու: Եթե մենք ընդհանրապես չուտենք, ապա այդ գումարը նույնիսկ ավելին է, քան բավարար է: Ես առավոտյան արթնացա, կարագ կերա, ձու և էլի ինչ-որ բան, եթե ես դա չուտեի, ապա բավարար է, էլ չխոսեմ հագուստի և կոշիկների մասին, հին հագուստ ենք հագնում: Դեղորայքի փոքր սրվակն արժե 30-40 լարի, ի՞նչ եք կարծում 240 լարին բավարար է: Ես մեկ բան էլ ասեմ, ես ապրում եմ կնոջս հետ և, հնարավոր է, եթե չլինեին չնախատեսված ծախսերը, հավանաբար, այդ գումարը կբավականացնեինք, բայց կան հուղարկավորություններ, հարսանիքներ, ծննդյան օրեր, որոնց դու չես կարող չմասնակցել: Մենք բոլորս էլ մարդիկ ենք, բայց մասնակցության համար գումարը չի բավարարում», – ասում է Ախալքալաքի 83-ամյա բնակիչը:

Բարձրալեռ բնակչի կարգավիճակն ազդում է էլեկտրաէներգիայի վճարման վրա, զեղչը կազմում է գումարի կեսը, սակայն դա միայն այն դեպքում, եթե սպառումը չի գերազանցում 100 կՎտ: Թեպետ Ջավախքում գազը թանկ է, այստեղ սակագինը ամենաթանկ սակագներից մեկն է ողջ Վրաստանում, Ախալքալաքի ցրտաշունչ ձմռանը ջեռուցումն ապահովելն արժե 250-ից 400 լարի:

«Այո, կարելի է գոյատևել, բայց ձմռանը ջեռուցման համար շատ է ծախսվում: Հոկտեմբեր ամսից անդորրագրերը կգան մինչև 400 լարի արժեքով և այդպես մինչև մայիս ամիսը: Ես հիվանդացել էի ձմռանը, 2 ամսվա ընթացքում 500 լարի ծախսեցի դեղերի և սիստեմների, բժիշկների վրա: Դե ինչ, բավարա՞ր է այդ 240 լարին: Սա թոշակ չէ, այլ խայտառակություն: Բոլորը նույնչափ թոշակ են ստանում: Ես 51 տարվա աշխատանքային փորձ ունեմ, բայց դա հաշվի չի առնում», – ասում է Ախալքալաքի 83-ամյա բնակիչը:

Յուրաքանչյուր ընտանիք գումար է ծախսում՝ իր հնարավորություններից ելնելով: Եթե ծնողներն իրենց երեխաների հետ են ապրում, ապա նրանք ստիպված չեն լինում մտածել, թե ինչպես գոյատևեն մինչև հաջորդ կենսաթոշակը, այլ դեպքերում էլ երեխաները, ովքեր ապրում են Վրաստանից դուրս, գումարով օգնում են իրենց ծնողներին: Բայց կան միայնակ թոշակառուներ, ովքեր գոյատևում են միայն կենսաթոշակով:

«Երեխաներս օգնում են ինձ, առանց նրանց երևի թե չէինք կարողանա ապրել: Վրաստանը փող չունի, որպիսի եվրոպական կենսաթոշակ ունենայինք: Գուցե որոշ ժամանակ անց այդ գումարն էլ նվազի: Մեր ժողովուրդը պարզապես աշխատասեր է, ինչ կարողանում անում են», – ասում է թոշակառուն:

Շատերը թոշակը հավաքում են ինչ-ինչ նպատակների համար, կամ այդ գումարը տալիս են երեխաներին և թոռներին:

«Ես գումար եմ հավաքում, իհարկե, դրանք ռուսական մեծ կենսաթոշակները չեն, բայց ոչ մեկից չես կարող պահանջել, բայց եթե դու այդ գումարով ես պատրաստվում ապրել, բնականաբար, ներկայիս գներով դա հնարավոր չէ: Ամուսինս Ռուսաստանի քաղաքացի է, նա տարին մեկ անգամ գնում և ստանում է իր կենսաթոշակը: Մենք կարող ենք այստեղ ապրել այդ գումարով, դե երեխաներն էլ են օգնում: Միայնակ մարդու համար շատ դժվար կլինի», – պատմում է Ախալքալաքի 61-ամյա բնակիչուհին:

Իհարկե, Ջավախքի թոշակառուները չեն երազում աշխարհով մեկ ճանապարհորդելու և հանգստավայրերում հանգստանալու մասին, բայց ցանկանում են, ինչպես ասում են այստեղ՝ մարդկությունից հետ չմնալ:

Քրիստինե Մարաբյան