Այսօր, «Գրանդ Մուր» սրճարանում «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ներկայացրեց Ախալքալաքի քաղաքապետի իր թեկնածուին: Իշխող կուսակցությունը որպես քաղաքապետի թեկնածու առաջադրում է Բարալեթի տարածքային շրջանից, Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր, Մելքոն Մակարյանին:
Թեկնածուի ներկայացմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալքալաքի մեծամասնական շրջանի պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սումբաթ Կյուրեղյանը, Ախալքալաքի ներկայիս քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և կուսակցության ակտիվիստներ:
Թեկնածուին ներկայացրեց պատգամավոր Սամվել Մանուկյանը:
«Հարգելի ընկերներ, այսօր ես ուրախ եմ ողջունել Ձեզ: Մենք արդեն որոշել ենք Ախալքալաքի քաղաքապետի մեր թեկնածուին, դա կլինի Մելքոն Մակարյանը: Կարծում եմ այստեղ հավաքված մարդիկ նրան ճանաչում են, չկան այնպիսի մարդիկ, ովքեր դժգոհ կլինեն: Նա շատ հեռանկարային երիտասարդ է, ով քիչ բան չի արել մեր երկրի, մեր շրջանի համար: Մենք շատ ուրախ ենք, որ մեր թեկնածուն մի մարդ է, որին բոլորս շատ լավ գիտենք: Մենք ունենք մեկ ընդհանուր գործ », – ասաց Սամվել Մանուկյանը:
Սամվել Մանուկյանը շնորհակալություն հայտնեց գործող քաղաքապետ Յուրիկ Ունանյանին՝ նրա կատարած աշխատանքի համար:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, ով ներկաներին ողջունեց հայերենով, ապա շարունակեց իր խոսքը վրացերենով:
«Կարծում եմ, որ մենք շատ լավ արդյունքներ կունենանք, մենք կարծում ենք, որ այստեղ նվազագույն արդյունքը կլինի 70%: Հաղթանակի՛ համար, Մելքոնի՛ համար », – ասաց Բեսիկ Ամիրանաշվիլին:
Վերջում խոսեց քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյանը, մասնավորապես, նա ասաց հետեւյալը.
«Խորին շնորհակալություն «Վրացական երազանք» կուսակցությանը իմ թեկնածությունն առաջադրելու համար, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պայքարում էին, ովքեր իմ կողքին էին: Այսօր սա ձեռքբերում է: Շնորհակալ եմ բոլորից, խոստանում եմ, որ չորս տարվա ընթացքում մենք կլինենք ժողովրդի կողքին, մենք կդառնանք ժողովրդի ծառան, որպեսզի ավելի քիչ խնդիրներ լինեն », – ասաց Մելքոն Մակարյանը: