Շուտով կբացվի Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա գյուղի մանկապարտեզը: Ախալքալաքի մանկապարտեզների միավորումն արդեն հայտարարել է աշխատակազմը համալրելու համար թափուր աշխատատեղեր: Չունչխա գյուղի մանկապարտեզը երեխաներին կընդունի ոչ միայն այս գյուղից, այլ նաև Պտենա գյուղի փոքրիկ բնակիչներին:

Չունչխա գյուղի մանկապարտեզում աշխատելու համար Ախալքալաքի մանկապարտեզների միավորումը հայտարարել է մրցույթ հետևյալ հաստիքների համար՝ մենեջեր, դաստիարակ, դաստիարակի օգնական, խոհարար, բուժքույր, մաքրուհի և պահակ:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի, եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում չվատթարանա, մանկապարտեզները հոկտեմբերի 1-ից կվերսկսեն իրենց աշխատանքը:

«Հիմա մենք պատրաստվում ենք աշխատանքը վերսկսել հոկտեմբերի 1-ից, բայց ամեն ինչ կախված է կորոնավիրուսից, հուսով ենք, որ իրավիճակը չի վատթարանա», – ասում է նա:

Այսօրվա դրությամբ, Չունչխա և Պտենա գյուղերում կա մոտ 25 նախադպրոցական տարիքի երեխա, ովքեր պիտի հաճախեն մանկապարտեզ: Սակայն այս թվերը վերջնական չեն:

Պտենա և Չունչխա գյուղերի համար մանկապարտեզ կառուցելու նախագիծը ֆինանսավորվել է Բարձրալեռ շրջանների զարգացման հիմնադրամի կողմից: Շենքի կառուցման համար հատկացվել է 246 800.00 լարի: Շինարարական աշխատանքներն իրականացրել է ՍՊԸ «Լիկանի-200»-ը:

«Ինչ վերաբերում է Խուլգումո գյուղի մանկապարտեզին, ապա այնտեղ աշխատանքները դեռ չեն ավարտվել, վերանորոգման աշխատանքներն ավարտվելուն պես մենք թափուր աշխատատեղեր կհայտարարենք», – ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը:

Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 12 մանկապարտեզ, որոնցից երեքն այլընտրանքային են:

Բրատիսլավ Իգիթխանյան