Ախալքալաք-Կարծախ մայրուղին, թեև համեմատաբար վերջերս էր ասֆալտապատվել, սակայն հատկապես Վաչիան գյուղի մոտակայքում սարսափելի վիճակում է գտնվում: Երեկվանից այս հատվածում սկսվել են վերականգնողական աշխատանքները:
Փոշոտ ճանապարհ, հսկայական փոսեր և ասֆալտի մաշված վերին շերտ՝ այս իրավիճակը վաղուց է տիրում այս ճանապարհին, բայց վերջերս էլ ավելի ակնհայտորեն է զգացվում: Այս ճանապարհով հաճախ են անցնում բեռնված բեռնատարները, իսկ քանի որ Վալեի մաքսակետը (վրաց-թուրքական սահմանին) փակվել է վերանորոգման պատճառով, Կարծախով բեռնատարների հոսքը մի քանի անգամ ավելացել է։ Ամեն օր դեպի Թուրքիա տանող ճանապարհին ավելի ու ավելի շատ փոսեր են հայտնվում։
Այս հատվածի վերականգնողական աշխատանքները սկսվել են երեկվանից՝ հունիսի 6-ից, իսկ մինչ այդ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային վարչության կողմից հայտարարվել էր տենդեր՝ 2 500 848 լարիի չափով։ Տենդերին մասնակցել է երկու ընկերություն՝ «Արալին», որն առաջարկել է 2 մլն 390 հազար լարի և «ՋավախԱվտոԳզա»-ն՝ 2 մլն 126 հազար 282 լարիով: Վերջինիս հետ պայմանագիր է կնքվել ճանապարհի 1 կիլոմետրանոց հատվածի վերականգնման համար։
Վերականգնողական աշխատանքների համար պայմանագիրը կնքվել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին: Աշխատանքները, ըստ պայմանագրի, պետք է ավարտվեն 2022 թվականի օգոստոսի 30-ին։