Նախապես այցի գրանցումը և հեռավորությունը պահպանելը: Այս և այլ կանոնների համաձայն կաշխատեն գեղեցկության սրահները և էսթետիկ կենտրոնները, որոնք բացվելու են մայիսի 18-ից:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով այդ հաստատությունների համար նախատեսված նոր պահանջների մասին հաղորդվել է Վրաստանի բիզնես-օմբուդսմենի և Առողջապահության նախարարության ներկայացուցչի առցանց կոնֆերանսի ընթացքում:

«Նախապես այցի գրանցում պետք է կատարվի: Մուտքի մոտ պետք է տեղադրվի ախտահանիչ պատնեշ: Այնտեղ, որտեղ աշխատում է ավելի քան 20 մարդ, պետք է իրականացվի ջերմաչափում: Այն վայրերում, որտեղ անհնար է երկու մետր հեռավորություն պահպանել, ընդունարանի սեղանի և դրամարկղի դիմաց անհրաժեշտ է տեղադրել ժամանակավոր թափանցիկ պաշտպանիչ պատնեշներ», – հաղորդել է Առողջապահության նախարարության աշխատանքային պայմանների ստուգման բաժնի վարիչ Բեքա Փերաձեն:

«Չափանիշները լիովին արտացոլում են պահանջարկը, գործելակերպը և իրականությունը, որոնք բիզնեսը բացարձակապես կարող է իրականացնել և որոնք օգնում են ապահովել, որ այս ոլորտն արագորեն բացվի և արդյունավետ աշխատի», – նշել է Վրաստանի բիզնես-օմբուդսմեն Միխեիլ Դաուշվիլին:

Գեղեցկության սրահների և էսթետիկ կենտրոնների գործունեությունը Վրաստանում սահմանափակված է մարտի կեսից՝ «COVID-19»-ի տարածման վտանգի պատճառով: Ապրիլի վերջին իշխանությունները սկսեցին փուլ առ փուլ վերացնել սահմանափակումները: Նախատեսվում էր, որ սրահները բացվեին հունիսի սկզբին, բայց համաճարակաբանական բարենպաստ իրավիճակի պատճառով որոշ սահմանափակումներ վերանում են նախատեսվածից շուտ: