Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը՝ լրացավ անկախության հռչակման 28-ամյակը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:

Քվեաթերթիկում մեկ հարց կար՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական հանրապետություն, դուրս գա Խորհրդային միության կազմից»: Եվ քվեարկությանը մասնակցածների շուրջ 99 տոկոսը «այո» ասացին:

Քվեարկությանը մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 163 հազար 967 քաղաքացիների 95,5 տոկոսը, որոնցից միայն 0,46 տոկոսն էր «ոչ» ասել անկախությանը: Հայաստանն անկախ հռչակվեց Գերագույն խորհրդում հանրաքվեից երկու օր անց: 1995 թ. հուլիսի 5-ին` կրկին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվել է նորանկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը:

Անկախության օրը «առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր հնարավորությունները, մեր ներուժը», – ասված է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

«Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ: Ինչ որ կարողանալու ենք ձեռք բերել, լինելու է կրկին մեր շնորհիվ՝ մեր համախմբվածության, մեր միասնական ջանքի, գործի վերածված մեր մտքի, միմյանց հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության: Լավագույն ճանապարհն ամենօրյա աշխատանքն է, ամենօրյա արարումը, հոգատարությունը երկրի, պետության հանդեպ, հայրենապաշտությունը և հայրենաճանաչությունը: Հայրենիքը կմնա ընդամենն աշխարհագրական քարտեզ, եթե այն չապրեցնենք մեր մեջ, չապրեցնենք մեզնով և չապրենք նրանով: Հայրենիքը սիրելու և նրանով ապրելու համար պետք է այն ճանաչել», – ընդգծում է Հայաստանի նախագահը:

Այս տարի Անկախության տոնին նվիրված գլխավոր միջոցառումներն անցկացվում են Գյումրիում:

Նշենք, որ ՀՀ անկախության տոնի առիթով՝ Թբիլիսիի խորհրդանիշ հեռուստաաշտարակը արդեն երկրորդ տարին է լուսավորվում է հայկական դրոշի գույներով։ Նախաձեռնության հեղինակը Վրաստանում ՀՀ դեսպանատունն է։