Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ «ԱրտՍեգ» հյուրանոցի սեփականատերերից մեկը ձերբակալվել է՝ կանխամտածված սպանության մեղադրանքով: Փնտրում են այն երիտասարդներին, ովքեր օգոստոսի 8-ի երեկոյան ջարդուփշուր են արել և հրկիզել հյուրանոցն ու 4 սեփական տները:
«Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի բաժանմունքում հետաքննությունը սկսվել է կանխամտածված սպանության, ապօրինի ճանապարհով հրազեն ձեռքբերելու, կրելու, պահելու, ինչպես նաև խմբակային բռնության դեպքերի առթիվ, որոնք ուղեկցվել են այլ անձանց ունեցվածքին վնաս պատճառելով կամ ոչնչացնելով:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Ա.Գ.-ն (ծնված՝ 1983 թ.-ին)՝ կանխամտածված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռքբերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով:
Տվյալ հանցագործությունը ենթադրում է 7-ից 15 տարվա ազատազրկում:
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն (ծնված՝ 1983 թվականին), վիճաբանության ընթացքում հրազենով մահացու վիրավորանք է հասցրել Վ.Մ.-ին (ծնված՝ 1993 թվականին): Վ.Մ.-ն մինչև հիվանդանոց տեղափոխելը մահացել է:
Մեղադրյալի անձնական խուզարկման ընթացքում իրավապահները առգրավել է այն զենքը, որով կատարվել է հանցագործությունը:
Դեպքից մի քանի ժամ անց՝ տաք հետքերով ոստիկանությունը ձերբակավել է Ա.Գ.-ին:
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածի և 236-րդ հոդվածի, III և IV մասերի հատկանիշներով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն և ապօրինի զենքի պահում:
Հետաքննությունը շարունակվում է խմբակային բռնություն կազմակերպելու և դրանցում մասնակցության փաստի առթիվ՝ հանցագործներին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով»:
Երեկ՝ օգոստոսի 8-ին, Ախալքալաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել վիճաբանություն՝ ինչի արդյունքում հրազենային կրակոցից սպանվել է Կուլիկամ գյուղի բնակիչ Վ.Մ.-ն (ծնված՝ 1993 թվականին):
Դրանից հետո քաղաքում սկսվել էին զանգվածային անկարգություններ: Երիտասարդները ջարդուփշուր են արել և հրդեհել «ԱրտՍեգ» հյուրանոցը և 4 տուն՝ կապված հյուրանոցի սեփականատերերի և նրանց ընկերների հետ:
Երեկվանից քաղաքում մոբիլիզացված են հատուկ նշանակության ջոկատները: