79 վրացի դպրոցականներ, այդ թվում` 4-ը Ջավախքից, ինչպես նաև 35 ՀՀ քաղաքացիներ, որոնք ուսումնական ծրագրերով գտնվում էին ԱՄՆ-ում՝ տարհանվել են Թբիլիսի: Այս մասին հաղորդել են Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունից:

Դպրոցականների տարհանումը կազմակերպվել է Վրաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների համագործակցության արդյունքում: Ամերիկյան կողմն ապահովել է անչափահասների չվերթը դեպի Քաթարի մայրաքաղաք Դոհա: Այնտեղից վրացական ավիաընկերությունն ավարտել է հատուկ չվերթը դեպի Թբիլիսի:

Վրաց աշակերտների հետ միասին Ամերիկայից Վրաստան են բերվել 35 ՀՀ քաղաքացի դպրոցականներ: Թբիլիսիից բոլորն արդեն ուղղվել են դեպի Երևան:

Օդանավակայանում բոլոր երեխաները ջերմաչափվել են: Դրանից հետո, 79 վրացի դպրոցականներ ավտոբուսով տեղափոխվել են Կախեթիի կարանտինային գոտիներ: Դեռահասները երկու շաբաթ կմնան մեկուսացման մեջ երկու հյուրանոցներում:

Կառավարությունից հայտնում են, որ մեկուսացման պայմաններում երեխաներին կտրամադրվի օրական երեք անգամ սնունդ: Բժիշկները նրանց կհետևեն շուրջօրյա ռեժիմով: Կարանտինային գոտիները հսկվում են ոստիկանության կողմից:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ուրբաթ օրը շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ դեսպանատանը՝ դպրոցականներին տարհանման հարցում ցուցաբերած աջակցության համար:

«ԱՄՆ-ի և Վրաստանի կառավարությունների համատեղ ջանքերի արդյունքում մենք 79 վրացի աշակերտների վերադարձրեցինք իրենց ընտանիքն: Վրաստանը երախտապարտ է դեսպան Քելլի Դեգնանին և ԱՄՆ դեսպանատանը `նրանց ցուցաբերած օգնության համար, ինչի շնորհիվ էլ այս ամենը տեղի ունեցավ», – գրել է Գախարիան «Twitter»-ում: