Վրաստանի Ազգային մրցակցության գործակալությունն օգոստոսին ստուգատես է սկսել երկրի հինգ խոշորագույն ավտոլցակայանների ցանցերում:
Այս մասին գործակալությունը հայտարարել է ի պատասխան Վրաստանի պատգամավոր Պաատա Մանջգալաձեի դիմումին, գրում է bm.ge-ն։
Ստուգման օբյեկտ են հանդիսանում «Socar», «Wissol», «Gulf», «Lukoil» և «Rompetrol» ավտոլցակայանների սեփականատեր ընկերությունները։
Հետաքննության առարկան «Մրցակցության մասին» Վրաստանի օրենքի 7-րդ հոդվածի՝ «մրցակցությունը սահմանափակող պայմանագիր, որոշում և համաձայնեցված գործողություններ» հնարավոր խախտումների փաստերի գնահատումն է։
2022 թվականի սկզբին ավտոմեքենաների դիզվառելիքի գների կտրուկ աճի ֆոնին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ հակամենաշնորհային գործակալությանը հանձնարարել է գնահատել ներկրող ընկերությունների բարեխղճությունը։
Օգոստոսին գործակալությունը հրապարակել էր յոթ ամսվա մոնիտորինգի նախնական արդյունքները: Եզրակացությունների համաձայն՝ բոլոր ընկերությունները վառելիքը վաճառում են նույն գներով, թեև Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող արտադրանքն ավելի էժան է, քան եվրոպականը՝ 1 լիտրի դեպքում 30-70 թեթրիով էժան։